ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այսօր` հուլիսի 8-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ 2010թ. պետբյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) կառավարության 2009թ. հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» որոշմամբ հաստատված ՌԴ կողմից ՀՀ-ին 2009թ. տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով հատկացրել 5,000,000.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունը դեռևս անցյալ տարի հստակ պայմաններ է սահմանել վարկավորում իրականացնելու ծրագրով։ Նպատակը եղել է արտադրանքի արտահանումը, զբոսաշրջության զարգացումը խթանելը։ Անցած մեկ տարում ծրագիրը բավական մեծ հաջողություն է ունեցել, կան ակնառու արդյունքներ, այդ թվում` տնտեսության անցած ամիսների 8.8 տոկոս աճը։ Հաշվի առնելով այս հանգամանքները, կառավարությունը նպատակահարմար է համարել տնտեսության լրացուցիչ վարկավորման համար ԿԲ-ին հատկացնել ևս 5 մլրդ դրամ։
Իր նիստում կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 558000.0 հազար դրամ` արտերկրից և տեղական արտադրողներից «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կտա արդեն 2014թ. ցորենի ցանքատարածությունը հասցնել 115-120 հազար հա-ի, ցորենի ինքնաբավության մակարդակը ներկայիս 37 տոկոսից` 55 տոկոսի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան։ Այժմ պետությունը, առաջին անգամը լինելով, զգալի գումար է հատկացնում սերմնաբուծության զարգացմանը այն հաշվով, որ առաջիկայում հնարավոր լինի երկրում արտադրել մինչև 3 հազար տոննա սերմացու։ Դրանով իսկ 3-4 տարում կբավարարվի հացահատիկի սերմացուի պահանջարկը։ Վարչապետի դիտարկմամբ կարևոր է նաև որակյալ սերմացուն ցանել որակյալ հողում, որպեսզի արդյունքը լիակատար լինի։
Գործադիրը որոշել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի 17 պոմպակայանի վերականգնման ենթածրագրով իրականացվող Ռանչպար-1 պոմպակայանի վերականգնման համար համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման նպատակը ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և հիմնավորել այն։ Ծրագրի իրականացումը նպատակաուղղված է ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը և հողամասերի ոռոգման ապահովմանը։
Գործադիրը ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանում բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 12.000,0 հազար դրամ։
Հիմք ընդունելով «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման մասին» ՀՀ օրենքը և նպատակ ունենալով ատոմային էներգետիկայի ոլորտն ապահովել բարձրակարգ մասնագետներով, կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որտեղ առաջարկվող միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա դիմորդներին շահագրգռել միջուկային էներգետիկայի բնագավառի մասնագիտության ընտրության հարցում, համալսարաններում ստեղծել ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորված լաբորատորիաներ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել է «ՀՀ ԳԱԱ» ՊՈԱԿ-ին և ստեղծել ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ։
Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետին տրվել է Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հետ կնքված 115 պայմանագրերից 34-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու լիազորություն։