Բաժին. Բլոգ

Հայկ Հարությունյան. ատոմակայանում որևէ խնդիր չկա

 Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ կապված որևէ խնդիր չկա, բնակիչները կարող են հանգիստ լինել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն` անդրադառնալով վթարային անջատման հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության աշխատանքին:

«Դա ատոմակայանի խնդիրը չի եղել: Իրականում բարձրավոլտ էլեկտակայանների ցանցերի գծերի վրա առաջացած սովորական խնդիր էր: Այն առաջացել էր սառույցների կուտակումից: Այդ դեպքը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգերն աշխատում են: Կարճ ժամանակում խնդիրը վերացվել է, համակարգային ոչ մի վթար չի եղել: Ուզում եմ կրկին շեշտել՝ դա ատոմակայանի խնդիր չէր»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ այս պահին ատոմակայանում որևէ խնդիր չկա: Ոչ մի քաղաքացի խնդիրը չի զգացել, որովհետև համակարգն արդյունավետ աշխատում է, տեխնիկական ապահովվածությունը բարձր մակարդակի վրա է:

Բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է  Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդ  հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբ  ամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ  անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է: Խնդրի վերացումից հետո համակարգի էներգամատակարարումն իրականացվում է ամբողջ ծավալով:

Share