Բաժին. Բիզնես

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԽՈՇՈՐ ՎԱՐԿ

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)  և “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն ստորագրել են պայմանագիր` Ամերիաբանկին  20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին: Վարկը, որը տրամադրվում է 5 տարի մարման ժամկետով, ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք կազմում են երկրի ձեռնարկատիրական  գործունեության գրեթե 98%-ը և ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի ու զբաղվածության 40%-ը: Վարկային նոր միջոցները մեծապես կխթանեն հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումն ու զարգացումը և կնպաստեն երկրի տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության մակարդակի նվազմանը:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ամերիաբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Հայաստանյան ՓՄՁների խթանման, ինչպես նաև երկրի ֆինանսական հատվածի աջակցման նպատակով վարկի տրամադրումը ԱԶԲի առաջին և ամենածավալուն նախաձեռնությունն է: Օգնելով փոքր ձեռնարկություններին ստանալ ֆինանսական միջոցներ` մենք նաև նպաստում ենք տեղական շուկայում ՓՄՁ-ների և խոշոր ձեռնարկությունների միջև հավասար բիզնես պայմանների ստեղծմանը, որն էլ կնպաստի Հայաստանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում»ասել է Հայաստանում ԱԶԲի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: Նա նշել է նաև, որ փոքր ձեռնարկությունների աճը կստեղծի նոր աշխատատեղեր ու կխթանի տնտեսության աճը, ինչպես նաև կաջակցի երկրում տնտեսության ու ձեռնարկատիրության բազմազանության ապահովմանը:

Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանն իր հերթին նշել է.  «Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: Հիմք ընդունելով ՓՄՁ-ների կողմից վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը` Ամերիաբանկը դեռևս 2009թ. երկրորդ կիսամյակից ակտիվորեն ֆինանսավորում է այդ ոլորտը: ԱԶԲ-ից ներգրավված միջոցները զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն ՓՄՁ-ների համար, ինչը կնպաստի  Հայաստանի տնտեսության զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը»:  Նա նշել է նաև, որ Ամերիաբանկը միջազգային կառույցների հետ կնքել է ֆինանսական միջոցների ներգրավման պայմանագրեր գրեթե 150 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի  զգալի մասն ուղղվել է ՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

Այս նոր վարկային ծրագրի շրջանակներում Ամերիաբանկը բիզնես վարկեր կտրամադրի ոչ միայն Երևան քաղաքի,  այլև Հայաստանի մարզերի փոքր և միջին ձեռնարկություններին: ԱԶԲ կողմից Բանկին կտրամադրվի նաև փորձագիտական աջակցություն` ՓՄՁներին  առավել ընդլայնված ծառայություններ մատուցելու նպատակով, ինչը կմեծացնի Բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները:

Նշենք, որ Ամերիաբանկն ունի ՀՀ բանկային համակարգում ամենամեծ վարկային պորտֆելը կորպորատիվ հաճախորդների գծով, որը կազմում է ավելի քան  300 մլն ԱՄՆ դոլար:

Share