Բաժին. Բիզնես

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ամանորի կապակցությամբ Orange Հիմնադրամը միացել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի բարեգործական գործունեությանը, որի նպատակն է սահմանամերձ գյուղերի սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին ոչ միայն ուրախ անակնկալ, այլ նաև անհրաժեշտ տաք ձմեռային կոշիկներ նվիրել: Համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի Արեգունի, Ավազան, Կախակն, Աղբերք, Մարտունի, Գետիկ, և Շիրակի մարզի Փոքր Սարիար, Գտաշեն, Մեղրաշատ, Ողջի, Արեգնադեմ, Ջրաձոր, Ձորաշեն, Սարապատ, Բյուրակն գյուղերի 500-ից ավելի դպրոցականներ ստացան ամանորյա նվեր` քաղցրեղեն ու ձմեռային տաք կոշիկներ: Խաղալիքներ և քաղցրավենիք ստացան նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ևս 500 երեխաներ:

«Արդեն երրորդ տարին է, որ Orange-ն Ամանորը նշում է Հայաստանում: Նախորդ տարիներին մեր ամանորյա նվերները հատկապես նպատակ են ունեցել ուրախացնել երեխաներին` խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլն: Այս տարի, իմանալով Ջինիշյան հիմնադրամի բարեգործական գործունեության մասին, որոշեցինք նույն գումարը տրամադրել ավելի մարդասիրական ու ավելի անհրաժեշտ նվերների ձեռքբերմանը», – ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Ջինիշյան հիմնադրամը ձմեռային տաք կոշիկների համար դրամահավաքը սկսել էր ավելի վաղ, Facebook սոցիալական ցանցի միջոցով` նպատակ ունենալով գնել 1000 զույգ կոշիկ, և հասցրել էր հավաքել բավարար միջոցներ 500 զույգ կոշիկի համար: Orange Հիմնադրամը հատկացրեց 9,000,000 դրամ, որն օգտագործվել է ևս 527 զույգ կոշիկի, քաղցրավենիքի և այլ նվերների համար:

«Հաճախ մենք չենք էլ գիտակցում, որ սահմանամերձ գյուղերում երեխաները տարրական բաների կարիքն ունեն: Որոշ ընտանիքներում երեխաները ձմռան ամիսներին չեն գնում դպրոց ձմեռային կոշիկներ չունենալու պատճառով: Կարծում ենք` լավ նվեր ենք պատրաստել երեխաների համար, որոնց այնքան հեշտ է ուրախացնել”, ասաց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Համայնքահեն զարգացման ծրագրերի համակարգող Գևորգ Աբոյանը:

Նվերները հանձնելու համար Բրունո Դյութուային էին միացել նաև մարզի տարբեր քաղաքների Orange-ի աշխատակիցները:

Բոլոր կոշիկները բացառապես հայկական արտադրության են:

Share