Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ ՄԻՆՉԵՎ 42 ՄԲ/Վ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՑԱՆՑԸ

Այսօր` հունվարի 24-ին, Orange-ը հայտարարեց նոր սերնդի ինտերնետի առևտրային մեկնարկը` Հայաստանի երեք մեծ քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում`  միաժամանակ ներկայացնելով նաև նորագույն Ինտերնետ Հիմա 4 մոդեմը:  Ինչպես ներկայացվեց հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում` մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը և տեխնիկապես մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը թույլ են տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:

«Տեխնիկական փորձարկման շրջանը տևեց ուղիղ երկու ամիս, սակայն այն մեզ անհրաժեշտ էր` վստահ լինելու, որ մեր բաժանորդները մեծամասամբ կունենան գոհացուցիչ փորձառություն: Այսօր հպարտությամբ կիսում ենք բոլորի հետ մեր նոր նվաճումը: Այժմ Հայաստանը Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է այս տեխնոլոգիային: Այն նոր որակական չափանիշ է երկրում և արտահայտում է մեր ցանկությունը` միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդներին», – նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել հատուկ գնով` 11 000 դր. և 20 000 դր. ամսավճարով սակագնային պլաններին բաժանորդագրվելու դեպքում: Ինտերնետ Հիմա 11 000 սակագնային պլանի այն բաժանորդները, որոնք կստորագրեն պայմանագիր 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ, կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա 4 մոդեմը 39 000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20 000 սակագնային պլանի բաժանորդները` 19 000 դրամովՄեկ տարին լրանալուց հետո մոդեմը կդառնա բաժանորդի սեփականությունը:

«Մենք ունենք բազմաթիվ բաժանորդներ, որոնք արդեն ունեն Ինտերնետ Հիմա բաժանորդագրություն: Չենք ցանկանում, որ նրանց թվա, թե շտապել են ձեռք բերել իրենց բաժանորդագրությունը: Նրանք կարող են իրենց ներկայիս Ինտերնետ Հիմա 7.2 Մբ/վ կամ Ինտերնետ Հիմա 14.4 Մբ/վ մոդեմը փոխարինել նոր և ավելի արագ` Ինտերնետ Հիմա 42.2 Մբ/վ MF 680 մոդեմով: Անհրաժեշտ կլինի պարզապես կնքել բhաժանորդագրությունը 1 տարով երկարեցնելու պայմանագիր և դառնալ Ինտերնետ Հիմա 11 000 կամ 20 000 սակագնային պլանի բաժանորդ», – պարզաբանեց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Տեղեկացնենք նաև, որ Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով:

Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս Ինտերնետ Հիմա 4 մոդեմով օգտվելու դեպքում բաժանորդին տեսականորեն հասանելի կլինի մինչև 21,1 Մբ/վ արագություն:

Share