Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱՊԱՀՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Այսօր` փետրվարի 7-ին, աշխարհի ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը, Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ, նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից :

«Մենք Հայաստանում մատուցում ենք ինտերնետի ծառայություններ, և շարժական ինտերնետի առաջատարի մեր դիրքը որոշակի պատասխանատվություն է հուշում` ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու և ուղղորդելու համար: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնամասշտաբ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները», – ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց « Անվտանգ ինտերնետ երեխաների համար» հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:

Share