Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 9 ԴՊՐՈՑԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Շենիկ, Արգինա և Արագածոտնի մարզի Արտենի և Արագածավան գյուղերի 9 դպրոցի գրադարանները համալրվել են նոր գրքերով:

Դպրոցների գրադարաններին օգնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը միացել է Հայաստանի մանուկներ հիմանդրամի նախաձեռնությանը և գրադարաններին նվիրել  Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող պատկերագրքեր:

«ԱրմենՏել» ընկերությունը, որպես ազգային օպերատոր,  մեծ ուրախությամբ միացավ Արագածոտնի և Արմավիրի մարզի գյուղերի դպրոցները գրականությամբ հարստացնելու բարի նպատակի իրագործմանը:  Գիտության շտեմարանում առանձնահատուկ նշանավորվում   է  գրքի դերը որպես մարդկային ունակությունների զարգացման և կատարելագործման  լավագույն  ուղեցույց և մենք մշտապես աջակցում ենք նման ծրագրերի իրականացմանը, գիտակցելով, որ կրթված հասարակությունը վառ ապագա կերտելու հիմնական գրավականներից մեկն է»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:   

«Հիմնադրամի համար շատ կարևոր է, որ գյուղաբնակ երեխաները նույնպես ունենան այն հնարավորությունները, որոնք առկա են մայրաքաղաքում: Մեր գործընկերների հետ միասին նրանց համար հասանելի ենք դարձնում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները, անգլերենը, բայց երբեք չենք դադարում հիշեցնել գրքի կարևորության մասին: Շնորհակալ ենք «ԱրմենՏել»-ին, որ դպրոցական գրադարնները հարստացան այս հրաշալի ճանաչողական գրքերով»,- նշել է  Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրել էին երկարատև համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում իրականացվել են «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների միջոցով» կրթական ծրագիրը, ինչպես նաև «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագիրը:

Share