Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացել է Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Ես ուզում եմ հավատալ անասպասելիին» ներկայացումը: Ներկայացումը բեմականացնում էր «Մենք ենք» ներառական թատերական խումբը, որը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ:

«Մանկական թատերախմբի շնորհիվ  Հայաստանի ողջ տարածքում մարդիկ կարողացան տեսնել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են լինել հասարակության լիիրավ անդամ: Մենք ցանկանում ենք այս գաղափարը հասցնել հնարավորինս շատ մարդկանց  համոզված լինելով, որ ծրագրի դաստիարակչական բաղադրիչը կօգնի հրավիրել հանրության ուշադրությունը, իսկ արվեստը կօգնի երիտասարդ սերնդին կերտել պայծառ ապագա` բացահայտելով իրենց մտավոր և ֆիզիկական ներուժը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք կրկին անգամ փորձեցինք արվեստի միջոցով շատ կարևոր հաղորդագրություն թողնել և ուղերձ հղել հասարակությանը, որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է և յուրաքանչյուր ոք իր չափով կարող է փոփոխություն մտցնել: Մենք հավատում ենք որ կարող ենք, և այսօրվա ներկայացումը դրա վառ օրինակն է» – ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են  մանկական թատերական ներկայացումում, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ:

«Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումն արդեն բեմականացվել է Ստեփանավանի և Գյումրիի ներառական և հանրակրթական դպրոցներում: Առաջիկայում ներկայացումը հնարավորություն կունենան դիտելու նաև Երևանի մի շարք դպրոցների սաներ:

Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը նաև աջակցել են այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը,  Եվրոմիությունը, Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը և World Vision Armenina-ն:

Share