Բաժին. Բիզնես

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. «CARREFOUR-Ը ԿԱՐՈՂ Է ԷԱՊԵՍ ՓՈԽԵԼ ԱՐԱԳ ՍՊԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ»

Ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի մուտքը հայաստանյան շուկա դրական իրադարձություն է. Carrefour-ը կարող է էապես փոխել արագ սպառվող ապրանքների շուկան։ ՍիվիլՆեթին տված իր հարցազրույցում նման կարծիք է հայտնել «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի նախկին տնօրեն Վահան Քերոբյանն՝ ընդգծելով, որ Carrefour-ն իր բարձր ստանդարտներով նոր խոսք կմտցնի մատակարարման ողջ շղթայում՝ թելադրելով թե՛ որակի, թե՛ մատակարարման նոր չափանիշներ:

Վահան Քերոբյանը նշել է, որ Carrefour-ի գալու հետ կապված ինքը որևէ գործոն չի տեսնում, որ կարող է բացասական լինել Հայաստանի համար։ Ըստ նրա՝ մի քանի տարի է, ինչ Հայաստանում որևէ օտարերկրյա լուրջ ընկերություն ներդրում չի կատարել, և Carrefour-ի մերձավորարևելյան ֆրանչայզի գալը Հայաստան և նրա՝ շուրջ $150 մլն ներդրում կատարելու պատրաստակամությունը շատ մեծ ազդակ կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ ներդրողների համար, որ Հայաստանը ներդրումների համար նպատակահարմար երկիր է։

«Եթե ինչ-ինչ պատճառներով չհաջողվի Carrefour-ի մուտքը հայկական շուկա, ապա դա շատ վատ կազդի Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Եթե MAF-ը [Majid Al Futtaim Holding, Carrefour-ի մերձավորարևելյան արտոնագրային գործընկերը], որը կարողանում է աշխատել 11 երկրներում, այդ թվում՝ Պակիստանում, Բահրեյնում, Իրանում ու Վրաստանում, իսկ Հայաստանում չկարողանա, դա ներդրողների համար բացասական ազդակ կլինի», – նշել է Վահան Քերոբյանը:

«ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի նախկին տնօրենը նաև կարծիք է հայտնել, որ Carrefour-ը իր գնման ուժի և աշխարհում ունեցած շրջանառության միջոցով կարող է դիմագրավել հայաստանյան  մանրածախ առևտրի ոլորտում առկա ոչ հավասար մրցակցությանը և հաջողություն ունենալ:

«Հնարավոր է՝ նույն շաքարավազի մասով չհաջողվի, բայց մյուս ապրանքների, օրինակ՝ մրգերի մասով, կարող է շուրջ երեք անգամ էժան գներ առաջարկել և արդյունքում կարող է չեզոքացնել շաքարավազի բարձր գները», – նշել է Վահան Քերոբյանը՝ նկատելով, որ Carrefour-ի մուտքով կարող է հնարավորություն ստեղծվել նաև արտահանողների համար. այս ընկերության ցանցը լավ միջանցք կարող է ստեղծել հայ արտադրողների համար, որոնք Carrefour-ի միջոցով կարող են ապրանքներ իրացնել ներկայացված 11 երկրներում:

Share