Բաժին. Բիզնես

ՍՊԱՍՎՈՂ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

2012 թվականի նոյեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց ՄոբիԴրամ համակարգի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս վճարումներ և դրամական փոխանցումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով: Ծառայությունները հասանելի են նաև առցանց և ՄոբիԴրամի 25 մասնաճյուղերում: Հայաստանում նման ծառայությունների պահանջվածությանը, ինչպես նաև ՄոբիԴրամի առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

 – Պրն. Յիրիկյան, ինչո՞ւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը որոշեց մուտք գործել հայաստանյան ֆինանսական ծառայությունների շուկա: 

– Այսօր աշխարհում նկատելի է նոր միտում. համաշխարհային ֆինանսական ծառայությունների շուկայում ընդլայնվում է շարժական կապի օգտագործումը: Որպես նորարարական ընկերություն` ՎիվաՍել-ՄՏՍ-ը որոշեց հետ չմնալ զարգացումներից, Հայաստանի կապի ոլորտում լինել առաջինը և այս ծառայությունները ներկայացնել մեր շուկայում: Այստեղից էլ ծնվեց ՄոբիԴրամի գաղափարը: 

– Հայ սպառողը պատրաստ է արդյո՞ք լայնորեն կիրառել այս նորարարությունը և օգտվել ֆինանսական ծառայություններից` բջջային կապի միջոցով: 

– Ինչո՞ւ ոչ: Հայ սպառողը նորարարություններին բավականին արագ արձագանքող սպառող է: Այստեղ կարևորն  այն է, թե ինչպես են մատուցվելու այդ  ծառայությունները, որպեսզի ընդունվեն մեր սպառողի կողմից: Մենք երկար մտածեցինք այդ ուղղությամբ և  որոշեցինք ընդհանուր ծրագիրը բերել ոչ թե արտասահմանից, այլ ներդնել հայ երիտասարդ մասնագետների  կողմից մշակված և տեղական շուկայում աշխատող համակարգ, որի հիմքում, բնականաբար, հաշվի են առնվել հայ սպառողի հոգեբանությունն ու սպասելիքները:  

– Համակարգի մշակման և ներդրման ժամանակ հայ սպառողի ո՞ր առանձնահատկություններն են առավել կարևորվել:

– Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում ոչ բոլոր սպառողներն ունեն «խելացի» հեռախոսներ` սմարթֆոններ, և հայ սպառողը սովոր է որոշ ծառայություններից օգտվել   սովորական հեռախոսի միջոցով: Դա հաշվի առնելով` ՄոբիԴրամ համակարգը մշակվել է  այնպես, որպեսզի ծառայությունները հասանելի լինեն նաև այդպիսի հեռախոսներից օգտվողների համար: Բացի այդ, այն սպառողը, ով չի ցանկանում կամ չի կարողանում ՄոբիԴրամի ծառայություններից օգտվել բջջային հեռախոսի միջոցով, դա կարող է անել այլ տարբերակով`վեբ-կայքի միջոցով: Հարկ եմ համարում նշել, որ թե՛ ՄոբիԴրամի վեբ կայքի, թե՛ բջջային կապի միջոցով հասանելի ծառայությունները համապատասախանում են Հայաստանի կենտրոնական բանկի կողմից սահմանված տեղեկատվության փոխանցելիության անվտանգության պայմաններին: Հետևաբար`մտահոգվելու խնդիր չկա. համակարգն ապահով է:

– Ներկայում ՄոբիԴրամի շրջանակներում ի՞նչ ծառայություններ են հասանելի:

– ՄոբիԴրամ համակարգի միջոցով հասանելի ծառայությունների ցանկը ներառում է էլեկտրոնային հաշվից մեկ այլ էլեկտրոնային հաշվի ակնթարթային փոխանցում, էլեկտրոնային հաշվից բանկային հաշվի փոխանցում, գումարի կանխիկացում, ամսական վճարումներ կոմունալ` ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև բջջային ու ֆիքսված կապի, և ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց:  Վերը նշված վճարումները  կարելի է կատարել՝ այցելելեվ ՄոբիԴրամի 25 մասնաճյուղից որևէ մեկը, ինչպես նաև առանց սպասարկման կենտրոն այցելելու`համակարգչի կամ բջջային հեռախոսի միջոցով: Մենք նախատեսում ենք ընդլայնել ծառայությունների շրջանակը, որպեսզի հայ սպառողը կարողանա բոլոր հնարավոր ծառայությունների դիմաց վճարումները կատարել ՄոբիԴրամի միջոցով: Բացի այդ, հասանելի են նաև էլեկտրոնային եղանակով դրամական փոխանցումների այնպիսի ծառայություններ, որոնք թույլ են տալիս միջնորդ ընկերությունների միջոցով արտերկրից ուղարկված գումար ստանալ հենց մեր սպասարկման կենտրոններում:

– Ո՞ր ծառայությունների դիմաց է գանձվում միջնորդաճար և որո՞նք են անվճար:

– Կոմունալ վճարումների դիմաց, ընդհանուր առմամբ, ոչ մի միջնորդավճար չի գանձվում: Ինչ վերաբերում է Էլեկտրոնային դրամի միջոցով իրականացվող գործարքներին, ապա դրա համար սահմանված միջնորդավճարի նվազագույն շեմը սկսվում է  0,5%-ից , սակայն գանձվող գումարի առավելագույն չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված մակարդակը` 200 հազար դրամը:

– ՄոբիԴրամի միջոցով հասանելի ծառայություններից այսօր ամենաշատը որո՞նք են պահանջված:

– ՄոբիԴրամի ծառայություններից այսօր առավել պահանջված են կոմունալ վճարումները: Սպառողների զգալի մասն օգտվում է այդ ծառայություններից: Պահանջարկ կա նաև էլեկտրոնային դրամական փոխանցումների միջոցով մատուցվող ծառայությունների նկատմամբ, սակայն ոչ այնքան, որքան կոմունալ վճարումների  դեպքում, ինչը բնական է: Սովորաբար, որևէ նոր համակարգի նկատմամբ սպառողի վստահությունը ձևավորվում է աստիճանաբար: Ի դեպ, դրամական փոխանցումների ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ էր գրանցվել տոնական օրերին, և չնայած տոներից հետո աշխուժությունը  նվազեց, սակայն այս ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճի միտումը պահպանվում է:

– Նախատեսվո՞ւմ է օնլայն խանութների հետ համագործակցություն:

– Այո: Արդեն սկսել ենք քննարկումներ և բանակցություններ տարբեր ոլորտներում գործող օնլայն խանութների հետ, որոնք ներկայացնում են ոչ միայն տեղական, այլև միջազգային ընկերություններ: Այդ համագործակցության արդյունքում ՄոբիԴրամի հնարավորություններն առավել կընդլայնվեն: Չշտապենք, սակայն, առաջ ընկնել իրադարձություններից: Նոր ծառայությունների մասին կհայտարարենք ապագայում:

– Ձեր կանխատեսմամբ` առաջիկա տարիներին ի՞նչ զարգացումներ են սպասվում բջջային ֆինանսական ծառայությունների/ էլեկտրոնային վճարման և փոխանցման ծառայությունների հայաստանյան շուկայում:

– Ես շատ լավատես եմ և կարծում եմ, որ շուկան կզարգանա: Երբ որևէ նորություն դրված է ամուր հիմքերի վրա, հաշվի են առնված սպառողի մտածելակերպն ու նախասիրությունները, ապա առաջարկվող ծառայությունն անպայման կզարգանա: Վստահ եմ` մենք հետ չենք մնա համաշխարհային միտումներից: ՄոբիԴրամը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան այսօր հասանելի է համակարգի շրջանակում: Առաջիկա տարիներին ՄոբիԴրամի հնարավորություններն առավել կընդլայնվեն:

– Ինչպե՞ս կգնահատեք ոլորտում առկա մրցակցությունը:

– Ոլորտը մենաշնորհային չէ: Շուկայում կան տարբեր մասշտաբի խաղացողներ, և շուկան ունի զարգացման մեծ ներուժ: Կարծում եմ, որ մրցակցությունը կթեժանա ավելի ուշ, երբ շուկայում ներդրվեն նոր ծառայություններ: Մրցակցությունը կնպաստի ոլորտի զարգացմանը` հօգուտ սպառողի և տնտեսության:

Share