Բաժին. Բիզնես

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է «YEREVAN CITY»-Ն ՎԱՃԱՌԵԼ CARREFOUR-ԻՆ

ՀՀ իշխանությունները Սամվել Ալեքսանյանի հետ կարող են բանակցություններ սկսել առ այն, որ վերջինս իրեն պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցը վաճառի ֆրանսիական «Կառֆուր» ընկերությանը: Այս մասին հայտնում է 1in.am առցանց լրատվականը:

Հիշեցնենք, որ «Կառֆուրն» իր մասնաճյուղը պետք է բացեր «Դալմա Գարդեն Մոլ» հիպերմարկետի նկուղային հարկում, սակայն դրա սեփականատերը, նույնիսկ այդ մասին համաձայնագիրը կնքելուց հետո, հրաժարվել էր տարածքը տրամադրել ֆրանսիական ընկերությանը: Կայքը նշում է, որ «Կառֆուրի» մուտքը Հայաստան հիմնականում խոչընդոտում են Սամվել Ալեքսանյանը և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, որոնք վերահսկում են սննդի մեծ մասի ներկրումը Հայաստան:

Նշվում է, որ «Կառֆուրի» ներկայացուցիչները բանակցություններ են վարում ՀՀ կառավարության հետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ կառավարությունն ամեն-ինչ անելու է, որպեսզի այդ ընկերությունը սկսի գործել Հայաստանում:

Մեր կողմից ավելացնենք, որ արդեն ամիսներ շարունակ «Կառֆուրի»-ին` որպես Հայաստանի օլիգարխիկ համակարգի զոհ մատուցելու միտումը միայն օգուտ է ֆրանսիական ընկերությանը: Այն,վերջիվերջո, շատ ավելի ձեռնտու պայմաններով կմտնի հայկական շուկա: Աշխարհի ամենախոշոր առևտրային ցանցերից մեկն այդպիսին չէր դառնա, եթե նրան կարողանային այդքան հեշտությամբ շուկաներից դուրս մղել կամ խոչընդոտել մուտքը շուկա:

Հայկական շուկան ակնհայտորեն հետաքրքրում է ֆրանսիացիներին: Գնելով «Երևան Սիթի»-ն` «Կառֆուր»-ը միանգամից երկու նապաստակ կխփի` ՀՀ շուկա մուտք գործելուն զուգահեռ կմեկուսացնի իր հիմնական մրցակցին և փաստորեն կհայտնվի մենաշնորհային դիրքում, իսկ տեղական կամ ֆրանսիական մենաշնորհի մեջ այդքան էլ մեծ տարբերություն չկա:

Share