Բաժին. Բիզնես

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՐՏԱՇԱՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Վերաբացվել է «Հայփոստ» ընկերության Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքը եւ Արտաշատի մասնաճյուղը:

«Հայփոստ»-ից տեղեկացնում են, որ շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումով:

Նշենք, որ «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի 2013թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն` մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի` 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Share