Բաժին. Բիզնես

Հայաստանի կին գործարարներին առավել շատ մտահոգում են հարկային դաշտի խնդիրները

Հայաստանի կին ձեռնարկատերերը հիմնական խնդիրները տեսնում են հարկային դաշտում. դրույքներն են բարձր: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը՝ Երևանում կայացած՝ «Կանանց ձեռներեցության զարգացումը Հայաստանում» թեմայով աշխատանքային հանդիպման շրջանակներում: Ըստ Կարապետյանի՝ Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում և արժեշղթաներում կանայք ունեն զգալի դերակատարում. դրանցից են առևտուրը, դեղատնային գործունեությունը, հատապտուղների հավաքումը, պանրի արտադրությունը, օթևանատների բիզնեսը:

Կարապետյանը նշել է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը կանանց համար իրականացնում է սկսնակ գործարարների ուսուցողական ծրագրեր: Դրանց մասնակցելով` կին ձեռներեցները սովորում են գործարար ծրագիր կազմել, ավելի արդյունավետ բիզնես վարել: Հանձնաժողովի հավանությանն արժանացած լավագույն գործարար ծրագրերն էլ ֆինանսավորորվում են Հայաստանում առկա ամենամրցակցային պայմաններով` տարեկան 10% տոկոսադրույք, մինչև 5 տարի մարման ժամկետ, մինչև 5 միլիոն դրամ` առանց գրավի:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև գերմանական «Փեմ-Քընսալթ» ընկերության տնօրեն Հենինգ Բունգարդսը, ով նշել է, որ իրականացված ուսումանսիրությունների համաձայն` կանայք Հայաստանի հասարակության կեսն են կազմում և ունեն տնտեսապես ակտիվ լինելու շատ մեծ ներուժ: Բունգարդսի կարծիքով` եթե կանայք ավելի շատ ներգրավված լինեն Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, դրանք կընթանան ավելի արագ և արդյունավետ: Ըստ նրա` կանանց համար կարևոր խոչընդոտ է ֆինանսավորման անհասանելիությունը: Փորձագետի խոսքով` պետք է ավելի դյուրին դարձնել կանանց ֆինանսավորելու գործընթացները:   

Ասիական Զարգացման Բանկի մասնավոր հատվածի զարգացման գծով փորձագետ Ինմակուլադա Մարտինեզի կարծիքով` կանայք Հայաստանում ավելի շատ հանդիպում են մշակութային խոչընդոտների, որոնք կապված են հասարակության մեջ կանանց դերի ընկալման հետ: Մարտինեզը նաև նշել է, որ Հայաստանի կանայք քիչ ունեն հաջողության օրինակներ, որոնցից կկարողանային սովորել: Նրա խոսքով` կարևոր խնդիր է նաև հմտությունների և կարողությունների պակասը:

Նշենք, որ 2013թ. մարտից Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, որն իրականացնում է գերմանական «Փեմ-Քընսալթ» ընկերությունը՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հետ սերտ գործակցությամբ: Ծրագրի նպատակն է բարելավել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կին գործարարների համար:

Ծրագրի շրջանակում 2013թ. հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել է կին ձեռներեցների կարիքների գնահատմանն ուղղված ուսումնասիրություն, ինչպես նաև՝ մշակվել է Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ռազմավարությունը:

Share