Բաժին. Բիզնես

«ՀայՌուսգազարդ»-ն ամփոփել է 2013թ.-ը և սահմանել 2014թ.-ի առաջնահերթ խնդիրները

«ՀայՌուսգազարդ» ընկերությունում հրավիրվել է խորհրդակցություն:

Ընկերությունից հայտնում են, որ ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ի Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, ամփոփելով 2013 թվականի գործունեությունը, դրական է գնահատել ընկերության կողմից իրականացված ծրագրերը՝ կարևորելով հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման արդյունքները:

Հատկանշելով, որ «Հրազդան-5»-ի շահագործումը լուրջ բազային ռեսուրս է «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության ծրագրերում դինամիկ զարգացում ապահովելու համար՝ Վարդան Հարությունյանը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել և համապատասխան ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:

Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել և ներկայացնել 2013թ. հաշվետվությունները:

Վարդան Հարությունյանը հանգամանորեն ներկայացրել է նաև ընկերության 2014 թվականի ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ նրա՝ 2013 թվականին իրականացրած աշխատանքներն ու արձանագրած ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2014թ. տեմպերը լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ:

Կարևորելով գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման նպատակով անհրաժեշտ միջոցառումները՝ Վարդան Հարությունյանն ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում առաջնահերթ է համարել այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումը և շահագործման որակի բարձրացումը:

Նշվել է նաև, որ եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված՝ գազափոխադրման համակարգն աշխատում է զգալի ծանրաբեռնվածությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում արվում է ամեն-ինչ՝ համակարգը բնականոն շահագործելու, մատակարարման ռեժիմները կարգավորելու ուղղությամբ՝ սպառողներին անխափան գազամատակարարում ապահովելու և հնարավոր տեխնիկական վթարներից խուսափելու համար:

Վարդան Հարությունյանը հանձնարարել է նաև շարունակել ձմռան շրջանի հետ կապված պլանային աշխատանքները և հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին, գազամատակարարման անվտանգության պահանջներին:

Share