Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ-ի նախագիծը ճանաչվել է «Տարվա բարելավում» կորպորատիվ մրցույթի հաղթող

ԱՐՄԵՆԱԼ գործարանում մշակված և իրականացված ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի նախագիծը գրավել է երրորդ տեղը «Տարվա բարելավում» կորպորատիվ մրցույթում՝ «Խնայողականություն» անվանակարգում:

ԱՐՄԵՆԱԼ-ից «Բիզնես 24»-ին տեղեկանցում են, որ գործարանի էներգետիկ և մեխանիկական ծառայությունների մասնագետները վերակառուցել են հատման 2GL սարքավորումը` վերածելով այն փայլաթիթեղի միաժամանակ և՛ հատման, և՛ շերտազատման սարքի: Դա համարյա 2 անգամ` ամսական 320 տոննայից մինչև 600 տոննա, ավելացրել է սարքավորման արտադրողականությունը՝ արագության պահպանման պարագայում: Նախագծի իրականացման ուղղակի տնտեսական արդյունքը կազմում է տարեկան 15 հազար դոլար:

«Ինքնատիպ տեխնիկական գաղափարը թույլ տվեց միանգամից լուծել փայլաթիթեղի գլանման և հատման մի քանի խնդիր: Կատարելագործման արդյունքում արտադրական ցիկլից դուրս է մղվել շերտազատման գործողությունը, որը հանգեցրել է արտադրանքի որակի բարձրացման, տեխնոլոգիական թափոնների, էլեկտրաէներգիայի ծախսերի և ներգործարանային տեղափոխումների կրճատման», – ասել է ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը: Նրա խոսքերով, 2GL սարքավորման վերակառուցման փորձն արդեն կիրառվում է գործարանի համանման սարքավորումների կատարելագործման ժամանակ:

Նշենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում, 2000թ. մայիսին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը:  ՍԱՅԱՆԱԼ,« Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share