Բաժին. Բիզնես

Եվրոպարտատոմսերով առաջին գործարքը կնքելու համար Զարգացման Բանկն արժանացել է պատվոգրի

Զարգացման Հայկական Բանկը Հայաստանի Հանրապետության եվրոպարտատոմսերով ՀՀ ֆինանսական շուկայում կնքել է առաջին գործարքը, որի համար «Բորսայի լավագույն անդամ 2013» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի կողմից արժանացել է պատվոգրի: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Զարգացման Հայկական Բանկից:

«Զարգացման բանկը առավելագույն ներգրավվածությունն է փորձելու ունենալ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ու կատարելագործման գործում՝ ներքին շուկայում բարձրացնելով եվրոպարտատոմսերի երկրորդային շրջանառությունը» – նշել է Բանկի Վարչության անդամ, Գլխավոր գանձապետ Գրիգորի Զաքարյանը՝ հավելելով, որ Բանկն ակտիվ մասնակցությունը դրսևորվելու է նաև առաջիկայում հայաստանյան բորսայական հարթակում այդ արժեթղթերի երկկողմանի գնանշումներով:

Նշենք, որ Բանկը ներդրումային և պահառուական ծառայություններ է մատուցում պետական և կորպորատիվ արժեթղթերի հատվածում ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողներին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկել էր եվրոպարտատոմսեր:

Թողարկումն իրականացվել էր հետևյալ պայմաններով. թողարկման ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս:

Share