Բաժին. Բիզնես

Facebook-ի շահույթն աճել է ավելի քան 8 անգամ

Facebook-ն ամփոփել է 2013 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Facebook-ի զուտ շահույթն աճել է ավելի քան 8 անգամ և կազմել 523 մլն ԱՄՆ դոլար: Եռամսյակային հասույթն աճել է 63%-ով և կազմել 2,585 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընկերության պարզաբանմամբ` հաշվետու ամիսներին հաջողվել է ապահովել եկամուտների աճ` շնորհիվ գովազդի վաճառքի ակտիվացման:

Նշենք նաև, որ 2013 թվականի առաջին եռամսյակում Facebook-ի զուտ շահույթը կազմել էր 219 մլն ԱՄՆ դոլար, երկրորդ եռամսյակում` 333 մլն ԱՄՆ դոլար, իսկ երրորդ եռամսյակում` 425 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 17-ին կայացել էր Facebook-ի IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում), որի շրջանակներում ընկերությունն իր արժեթղթերի համար սահմանել էր բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար: IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել էր շուրջ 104 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործընթացի արդյունքում ներգրավված ընդհանուր գումարը կազմել էր 18.4 մլրդ ԱՄՆ դոլար: IPO-ի շրջանակներում վաճառվել էր Facebook-ի 421.2 մլն արժեթուղթ:

Share