Բաժին. Բիզնես

Ucom-ը 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոյի գլխավոր հովանավորն է

Այս տարվա հոկտեմբերի 3-5-ը «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա ԴիջիԹեք Էքսպո 10-րդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, իսկ գլխավոր հովանավորը՝ «Յուքոմ» ընկերությունը:

ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես-փառատոնը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ու ներկայացուցչական միջոցառումն է, որ իրավամբ համարվում է տոն՝ տեխնոլոգիական հայության համար: Քանի որ ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ստեղծելը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, կազմակերպիչները ջանացել են ստեղծել ցուցադրությունների, գործարար հանդիպումների և ներկայացումների համար հարմարավետ և գործնական միջավայր:

«Տարիների ընթացքում ԴիջիԹեքը դարձել է ՏՀՏ նորարարությունների ներկայացմա նամենակարևոր հարթակը և «Յուքոմը» նույնպես այս տարի կներկայանա մի շարք նորարարական լուծումներով, որոնք, վստահ ենք, նոր շունչ կտան ՏՀՏ ողջ դաշտին»,- նշել է ցուցահանդեսի հովանավոր «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու հասարակության բոլոր շահառու խմբերի՝ ոլորտի պատասխանատուների, բիզնես համայնքի, ուսանողության ու երիտասարդության մասնակցությունը:

Ցուցահանդեսը բաղկացած է հետևյալ բաժիններից՝

• Հաշվապահական, բանկային, ֆինանսական ծրագրային ապահովում և էլ. առևտուր
• Չիպերի մշակում և թեստավորում
• Համակարգչային գրաֆիկա, մուլտիմեդիա և խաղեր
• Տվյալների բազաներ և կառավարման տեղեկատվական համակարգեր
• Ինտերնետային ծառայությունների մատուցում
• ՏՏ ծառայություններ, խորհրդատվություն և համակարգերի ինտեգրացիա
• Ցանցային համակարգեր և հեռահաղորդակցություն
• Համակարգերի նախագծում և ավտոմատիզացիա
• Ռոբոտաշինություն
• Համակարգերի ծրագրային ապահովում
• Վեբ դիզայն և մշակում
• Մոբայլ լուծումների մշակում
• Համակարգչային տեխնիկայի ներմուծում, արտադրություն և արտահանում

Ցուցահանդեսում ներկայացվելու են՝

• ԱրմՌոբոտիքս – Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն
• Ռոբոտաշինությունը առօրյաում – առօրյա խնդիրներ լուծող ռոբոտների փառատոն
• «Բաց Խաղ» առաջնություն – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն
• ԴիջիԼայֆ – Սեմինարների շարք «տեխնոլոգիաների կիրառումն առօրյաում և բիզնեսում»

Այս տարի նախատեսվում է ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվը հասցնել 150-ի, որոնցից 120-ը պետք է լինեն ցուցադրողներ: Միաժամանակ ակնկալվում է մոտ 30.000 այցելու (նախորդ տարի այցելուների թիվը հասել է 25.000-ի):

Share