Բաժին. Բիզնես

Ֆինանսական չորրորդ եռամսյակում Apple-ը վաճառել է 40 մլն iPhone

Սեպտեմբերի 27-ին ավարտված ֆինանսական 4-րդ եռամսյակում Apple ընկերության զուտ շահույթը կազմել է 8,5 մլրդ դոլար` մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արձանագրված 7,5 միլիարդի համեմատ:

Եռամսյակային եկամուտների ծավալը 37,5 մլրդ դոլարից աճել է մինչև 42,1 մլրդ դոլար (+12%): Ընդ որում` միջազգային վաճառքներին բաժին է ընկել եկամուտների ավելի քան կեսը` 60%-ը: Այս ցուցանիշը գերազանցել է անգամ վերլուծաբանների կանխատեսումները, ովքեր նշել են եկամուտների մինչև 40 մլրդ դոլարի ծավալ: Ընկերության սեփական կանխատեսումները եղել են 37-40 մլրդ դոլարի միջակայքում:

iPhone-ի վաճառքների ծավալը, որը կազմում է ամերիկյան կորպորացիայի եկամուտների առյուծի բաժինը, նախորդ եռամսյակում արձանագրել է 39,3 մլն միավոր, ինչը 16%-ով ավելին է, քան 2013-ի հուլիս-սեպտեմբեր հատվածի ցուցանիշը: Ընդ որում, հարկ է նշել, որ անցած ֆինանսական եռամսյակն ընդգրկել է iPhone 6-ի վաճառքների միայն առաջին շաբաթը:

Ընթացիկ եռամսյակի համար ամերիկյան հսկան սեփական եկամուտների ծավալը կանխատեսում է 63,5-66,5 մլրդ դոլարի միջակայքում` Ուոլ Սթրիթի վերլուծաբանների կանխատեսած 63,5 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ: Ի դեպ, 2013-ի հոկտեմբեր-դեկտեմբեր հատվածում Apple-ը, ընդհանուր առմամբ,  վաստակել է 57,6 մլրդ դոլար:

Share