Բաժին. Բիզնես

Boeing-ը 12 մլրդ դոլարով ավելացնում է սեփական բաժնետոմսերի հետգնման ծավալը

Ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողը համարվող ամերիկյան Boeing-ը մտադիր է 12 մլրդ դոլարով ավելացնել սեփական բաժնետոմսերի հետգնման ծավալը: Ընկերության տարածած հաղորդագրությունում ասված է, որ արժեթղթերի հետգնման ծրագրի շրջանակում, որն ընդունվել է դեռևս 2013-ին, չօգտագործված են մնացել մոտ 4,8 մլրդ դոլարի միջոցներ:

Ընթացիկ տարում կոնցեռնը ետ է գնել 6 մլրդ դոլարի չափով բաժնետոմս և մինչև տարեվերջ չի պատրաստվում ևս մեկ նմանատիպ գործառնություն իրականացնել, այլ կվերսկսի դրանք միայն հաջորդ տարվա հունվարից, ասված է հաղորդագրությունում: Չնայած հետգնման ծրագրի տևողությունը հայտնի չէ, ավիակոնցեռնը մտադիր է առաջիկա 2-3 տարիներին շարունակել արժեթղթերի հետգնումը:

Ընթացիկ տարեսկզբից ավիաշինական հսկայի կապիտալիզացիան նվազել է 11%-ով` նույն ժամանակահատվածում Dow Jones Industrial Average ֆոնդային ինդեքսի 3,6% կազմած աճի համեմատ:

Ֆինանսական երրորդ եռամսյակում Boeing-ի զուտ շահույթի ծավալն ավելացել է 18%-ով: Ուուլ Սթրիթի վերլուծաբանների կանխատեսումներով` 2014 թվականին կոնցեռնի տարեկան եկամուտները կկազմեն 89,6 մլրդ դոլարի սահմանում:

Share