Բաժին. Բիզնես

Google-ի շահույթը 4-րդ եռամսյակում կազմել է 4,76 մլրդ դոլար

Google համացանցային ընկերության զուտ շահույթը 2014թ. 4-րդ եռամսյակում կազմել է 4,76 մլրդ դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 3,38 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ամերիկյան կորպորացիայի պաշտոնական կայքը:

Հաշվետու եռամսյակում եկամուտների ծավալն արձանագրել է 15% աճ` հասնելով 18,1 մլրդ դոլարի: Google-ի հիմնական կայքին բաժին է ընկել եկամուտների 69%-ը: Այս ոլորտում` որոնողական հսկայի եռամսյակային եկամուտները 2013թ. ցուցանիշի համեմատ ավելացել են 18%-ով և կազմել 12,42 մլրդ դոլար:

Նկատենք, որ գովազդային մեկ քլիքի միջին արժեքը 2014թ. 4-րդ եռամսյակում նվազել է 3%-ով:

ComScore-ի վիճակագրության համաձայն` 2013թ. արդյունքներով Google-ը վերահսկել է համաշխարհային որոնողական շուկայի 62,8%-ը: Համացանցային որոնողական համակարգից զատ, Google-ը տնօրինում է YouTube վիդեոհոսթինգը, Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցիալական ցանցը:

Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ բորսայում: Կապիտալիզացիան կազմում է 346,4 մլրդ դոլար:

Share