Բաժին. Բիզնես

Sony Corp-ը մտադիր է 25 անգամ ավելացնել գործառնական շահույթը

Reuters-ը հայտնում է, որ Sony Corp-ը նպատակ է դրել 3 տարվա ընթացքում 25 անգամ ավելացնել գործառնական շահույթը՝ 20 մլրդ իենից (168 մլն դոլար) հասցնելով 500 մլրդ իենի (4.2 մլրդ դոլար): Ընկերությունն իր մտադրությունն իրականացնելու համար ավելացնելու է սենսորային տեսախցիկների և PlayStation-ի արտադրության ծավալները: Sony-ի գլխավոր տնօրեն Կազուո Հիրեյը հայտարարել է, որ իրենք այլևս չեն փորձի ավելացնել վաճառքի ծավալները սմարթֆոնների շուկայում, քանի որ այն արդեն գրավվել է Apple Inc-ի և Samsung Electronics-ի կողմից: Բացի այդ, մեծ տարածում են գտել ասիական էժան սմարթֆոնները: Sony-ն իր ջանքերը կենտրոնացնելու է սենսորային տեսախցիկների, տեսախաղերի, ժամանցային ֆիլմերի, շոուների, երաժշտության միջոցով շահույթի աճի վրա:

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում Sony-ի բաժնետոմսերի գներն աճել են ավելի քան 80%-ով: Ընկերության ղեկավարներն ավելացրել են, որ իրենց նպատակն է լինելու մինչև 2018թ.-ի մարտը բաժնետոմսերի եկամտաբերություններն ավելացնել 10%-ով: Նրանք նաև հույս են հայտնել, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն միջոցներ կձեռնարկի արտասահմանյան ներդրումներն ավելացնելու համար:

Share