Բաժին. Բիզնես

Որո՞նք են աշխարհի ամենաթանկ հեռախոսները

Շատերի մոտ հարց է առաջանում, թէ որո՞նք են աշխարհի ամենաթանկ հեռախոսները: «Բիզնես 24»-ը Ձեզ հնարավորություն է ընձեռում ծանոթանալ աշխարհի ամենաթանկ 10 հեռախոսներին և սմարթֆոններին: 

Այսպիսով, աղյուսակում «ամենաէժան» հեռախոսը iPhone Princess Plus-ն է, որը պատված է 318 թանկարժեք քարերով, որոնցից 180-ը բացառիկ օրգանական քարեր են: iPhone Princess Plus-ն արժե 177.000 ԱՄՆ դոլար:

Իններորդ տեղում է Sony Ericsson ընկերության Black Diamond հեռախոսը, որը նախագծել է սինգապուրցի դիզայներ Ջարեն Գոհը: Հեռախոսն արժե 300.000 դոլար:

Աղուսյակի ութերորդ հորիզոնականում Vertu Signature Cobra-ն է: Այս հեռախոսից արտադրվել է ընդամենը 200 օրինակ և յուրաքանչյուրի գինը կազմում է 310.000 դոլար: Հեռախոսը զարդարում է ոսկե օձը, որը պատված է 439 սուտակով, 2 զմրուխտով և ադամանդով:

«Հիթ-շքերթի» յոթերորդ հորիզոնականում Gresso Luxor Las Vegas Jackpot հեռախոսն է, որն արժե 1 մլն դոլար: Հեռախոսը պատված է 46 կարատանոց ոսկով և սև ադամանդով, ստեղնաշարը շափյուղայից է, իսկ հետևի մասը` աֆրիկական սև փայտից: Ընկերությունն արտադրում է նաև հեռախոսի «էժան» տարբերակը, որում բացակայում է սև ադամանդը. արժեքը կազմում է ընդամենը 20.000 դոլար: Սև ադամանդով զարդարված ընդամենը երեք Gresso Luxor Las Vegas Jackpot կա, որոնցից յուրաքանչյուրի վրա դաջված է հեռախոսի սեփականատիրոջ անունը:

Վեցերորդ տեղում շվեցարացի դիզայներ Էմանուել Գյույտայի նախագծած բումերանգի տեսքով GoldVish Le Million հեռախոսն է, որն արժե 1.3 մլն դոլար: 

Հինգերորդ հորիզոնականում ռուսական դիզայնով Diamond Crypto Smartphone-ն է, որը նախագծել է հանրահայտ դիզայներ Պետր Ալոյսոնը: Սմարթֆոնը պատված է 50 սպիտակ և 10 կապույտ ադամանդներով: Այս սմարթֆոնի գինը կազմում է 1.35 մլն դոլար:

Չորրորդ տեղում է iPhone 3G-ն, որը կրկին նախագծել է Պետր Ալոյսոնը: Սմարթֆոնի գլխավոր զարդը 6 կարատանոց ադամանդն է, բացի այդ առկա են 138 փոքր ադամանդներ, սպիտակ, դեղին, վարդագույն ոսկի և շափյուղաներ: Սմարթֆոնի գինը կազմում է 2.4 մլն դոլար:

Սթյուարտ Հյուզի նախագծած Goldstrike iPhone 4GS Surprame-ը հայտնվել է երրորդ հորիզոնականում: Սմարթֆոնը զարդարվել է 271 գրամ ոսկով, 7,1 կարատանոց ադամանդով, 136 մանր ադամանդներով, իսկ լոգոյի համար ծախսվել է 53 թանկարժեք քար: Սմարթֆոնի գինը կազմում է 3.2 մլն դոլար:

Երկրորդ տեղում է iPhone 4 Diamond Rose Edition սմարթֆոնը, որի գինը կազմում է 8 մլն դոլար: Այս սմարթֆոնի դիզայնի հեղինակը կրկին Սթյուարդ Հյուզն է: Սմարթֆոնը պատկանում է Թոնի Սեյջին: Սմարթֆոնը զարդարվել է 500 ադամանդով և ոսկով: Բացի սմարթֆոնից, առկա է նաև տուփ, որի քաշը 7 կգ է: Տուփը պատրաստվել է աֆրիկական սև փայտից և առկա են ոսկյա զարդեր:

Այսպիսով, աշխարհի ամենաթանկ սմարթֆոնները պատկանում են չինացի մի միլիարդատիրոջ, ում անունը գաղտնի է պահվում: Այդ մարդուն են պատկանում iPhone 5 Black Diamond և iPhone 6 Black Diamond սմարթֆոնները, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմում է 15.3 մլն դոլար: Այս շքեղ սմարթֆոնների դիզայնի հեղինակը կրկին Սթյուարտ Հյուզն է: iPhone 5-ի պատյանը պատրաստվել է 135 գրամ ոսկուց, իսկ iPhone 6-ինը՝ 147 գրամ ոսկուց: Նշենք, որ յուրաքանչյուր սմարթֆոնի գնով կարելի է գնել 1400 հատ սովորական iPhone 5 կամ 1200 հատ  iPone 6 հեռախոս:

Share