Բաժին. Բիզնես

Opel-ը և Chevrolet-ի որոշ մոդելներ կհեռանան Ռուսաստանից

Ամերիկյան General Motors կորպորացիան վաճառքների զգալի կրճատման ֆոնին հայտարարել է Opel ապրանքանիշի (ամբողջությամբ) և Chevrolet ապրանքանիշի զանգվածային մոդելների` Ռուսաստանից հեռանալու մասին: Ավտոարտադրողի ռազմավարությունը կուղղվի պրեմիում դասի մեքենաների վաճառքի խթանմանը, որոնց նկատմամբ պահանջարկը երբեք չի նվազում: Այսպիսով, Ռուսաստանում կմնան միայն Cadillac ապրանքանիշը և Chevrolet-ի երեք ոչ այնքան տարածված մոդելներ` Corvette և Camaro սպորտային մեքենաներն ու արտաճանապարհային Tahoe-ն:

Այս քայլի շրջանակներում Ռուսաստանում աշխատանքից կարող է զրկվել 17 հազար մարդ: Սանկտ Պետերբուրգում տեղակայված GM-ի գործարանը կփակվի, իսկ աշխատակիցները կստանան 7 ամսվա աշխատավարձ, նշված է ընկերության հաղորդագրությունում:

«Ռուսաստանում մեր բիզնես մոդելի փոփոխությունը շուկաներում երկարաժամկետ հաջողության ապահովմանն ուղղված գլոբալ ռազմավարական ծրագրի մասն է»,- ասել է GM-ի նախագահ Դեն Ամմանը: «Այս որոշումը թույլ է տալիս խուսափել անորոշ երկարաժամկետ հեռանկարներ ունեցող շուկայում լուրջ ներդրումներ կատարելու գաղափարից»:

Ռուս վերլուծաբանների դիտարկմամբ` ռուսաստանյան շուկայից General Motors-ի հեռանալը իսկական շոկ է: Բայց պետք է նաև հասկանալ, որ փետրվարին Opel-ի և Chevrolet-ի վաճառքներն անկում են ապրել համապատասխանաբար` 86 և 74 տոկոսով:

ՌԴ շուկայից Opel-ի դուրս գալը հնարավոր է խթանի АВТОВАЗ-ի արտադրության աճը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը: «Բացասական հետևանքներ, իհարկե, կլինեն, քանի որ ցանկացած ձեռնարկության փակում արդեն իսկ նշանակում է զբաղվածության մակարդակի նվազում, ինչը վատ է»,- հավելել է Շոխինը: Նրա կարծիքով արտադրության փակումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կոմերցիոն շարժառիթներով, և պետք չէ քաղաքական պատճառներ փնտրել:

Share