Բաժին. Բիզնես

Foxconn-ը Apple-ի շնորհիվ ռեկորդներ է սահմանում

Hon Hai Precision Industry ընկերությունը, որն առավել հայտնի է որպես Foxconn, արձանագրում է ռեկորդային եռամսյակային շահույթ: Պայմանագրային արտադրողի ցուցանիշներն աճում են ամերիկյան Apple-ի պատվերների հաշվին:

2014թ. հոկտեմբեր-դեկտեմբերին թայվանական ընկերությունը ցուցադրել է 1,8 մլրդ դոլարի չափով զուտ շահույթ: Եռամսյակային եկամուտները տարեկան արտահայտությամբ ավելացել են 13%-ով` կազմելով 47,6 մլրդ դոլար:

Ողջ 2014թ. ընթացքում Foxconn-ը ստացել է 133,6 մլրդ դոլարի եկամուտ, իսկ զուտ շահույթը գնահատվել է 4,1 մլրդ դոլար: 2013-ի համեմատ` ցուցանիշներն աճել են համապատասխանաբար` 6,6%-ով և 22%-ով:

Ընդ որում` Gartner հետազոտական ընկերության վերլուծաբանների հրապարակած վերջին տվյալներով` 2014թ. 4-րդ եռամսյակում իրացված «խելացի» հեռախոսների թիվը կազմել է 367,5 մլն միավոր, ինչը 29,9%-ով գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշը: Իսկ 2014-ի ընթացքում հաջողվել է իրացնել 1,2 մլրդ այդպիսի սարքավորում, ինչը համարվում է ռեկորդային և 28,4%-ով ավելի է, քան 2013-ի ցուցանիշը:

Gartner-ը նաև հայտնում է, որ հաշվետու ժամանակահատվածում սմարթֆոնների մասնաբաժինը կազմել է բջջային հեռախոսների ընդհանուր շուկայի երկու երրորդը: Վերլուծաբաններն առանձին նկատում են, որ սմարթֆոնների շուկայում տեղի է ունեցել առաջատարների տեղերի փոփոխություն: Այսպես, հարավկորեական Samsung-ը, որը 2011-ից սկսած սմարթֆոնների խոշորագույն իրացնողն էր աշխարհում, 2014-ի 4-րդ եռամսյակում իր դիրքերը զիջել է Apple ընկերությանը: Ամերիկյան «խնձորը» հասցրել է իրացնել 74,8 մլն iPhone` Samsung-ի վաճառած 73 մլն միավորի համեմատ:

Share