Բաժին. Բիզնես

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Ջորջիո Արմանի

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վիդեո-պատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեո-պատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Ջորջիո Արմանի

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 174-րդն է, ընդհանուր կարողությունը՝ 7.6 մլրդ ԱՄՆ դոլար:

Իտալացի աշխարահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին ծնվել է 1934 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցա քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Բոլոնիայի բժշկական համալսարան։ 1957 թվականին անցնում է ծառայության Իտալիայի զինված ուժերում։ Վերադառնալով ծառայությունից՝ Ջորջիոն սկսում է աշխատել սկզբում որպես լուսանկարչի օգնական, այնուհետև հագուստի խանութում՝ ցուցափեղկերի ձևավորող։

1961 թվականին Ջորջիո Արմանին աշխատանքի է ընդունվում հանրահայտ իտալացի դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական և աշխատում է 6 տարի՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար։

1974 թվականին, 40 տարեկան հասակում վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով, Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։ 1975 թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։

1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani։ 1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը։ Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը։ 1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components բրենդի ներքո։ 2002 թվականին Արմանին սկսում է զարդեր արտադրել՝ ներկայացնելով նոր EMPORIO ARMANI Gioielli բրենդը:

Այսօր Ջորջիո Արմանին ներկայացնում է մեծ բիզնես-իմպերիա, որը շարունակում է ընդլայնվել և գրանցել նոր հաջողություններ:

Հարկ է նշել, որ տարբեր աղբյուրներ պնդում են, որ Արմանիի հայրը` Ուգո Արմանին, հայ-իտալական ծագում ունի: Ինքը՝ Ջորջիո Արմանին, երբեք չի հերքել կամ ընդունել, որ հայկական արմատներ ունի:

                                                                                                                                                                  

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ

Share