Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ․ Տավուշի մարզի Բերդավան գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջեռուցման համակարգ

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են Տավուշի մարզի Բերդավան գյուղում իրականացվող նախագծի արդյունքները: Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ադրբեջանական սահմանից 1 կմ հեռու գտնվող համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգը համալրվել է արևային ջրատաքացուցիչներով:

Համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը, համայնքի բնակիչներ:

«Արևային էներգիայի օգտագործումն այնքան առավելություններ ունի, որ ուղղակի խելամիտ չի լինի չօգտվել անսպառ և մաքուր այդ աղբյուրից: Մանկապարտեզում արևային տաքացուցիչի տեղադրումը ոչ միայն կնպաստի հոսանքի ծախսերի կրճատմանը, այլ նաև ուսուցողական նշանակություն կունենա. երեխաները փոքր տարիքից կհասկանան, որ պետք է պատասխանատու և գիտակից վերաբերմունք ունենալ բնության հանդեպ, առաջացած խնդիրների լուծման համար օպտիմալ տարբերակներ փնտրել, իմանալ առավել առաջադեմ և նորարար տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոտ 3,600 բնակիչ ունեցող Բերդավան համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 100-ից ավելի է: Սկսած իննսունական թվականներից մանկապարեզը ջեռուցվել է փայտե վառարաններով, որոնք, բացի ծախսատար և ոչ արդյունավետ լինելուց, նաև վտանգավոր էին երեխաների համար: Ընթացիկ տարում մանկապարտեզում տեղադրվել է ջեռուցման համակարգ, որը, թեև ապահովում է կայուն ջերմություն, սակայն ծախսատար է և համայնքի դրամական միջոցների հետ անհամատեղելի:

Նախագծի շրջանակում գյուղի մանկապարտեզում առկա  ջեռուցման համակարգը համալրած արևային ջրատաքացուցիչները ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց են:  Համակարգի գործարկումը  50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը և կապահովի տաք ջրամատակարարում ողջ տարվա ընթացքում՝ բացառապես արևային ջրատաքացուցիչների միջոցով: Ջեռուցման համակարգի գազի կաթսաները կօգտագործվեն միայն ձմռանը՝ գիշերային ժամերին՝ համակարգը սառեցումից պաշտպանելու համար:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ (արեգակնային ջեռուցման համակարգ, LED փողոցային լուսավորություն): Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում, Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

Share