Բաժին. Բիզնես

Ucom. կոմունալ հաշիվները ստանալու և վաճարումներ կատարելու հնարավորություն՝ հեռուստացույցի միջոցով

«Յուքոմ» ընկերությունը Ամերիաբանկի հետ համատեղ ներկայացնում են Հայաստանում նախադեպը չունեցող, բոլորովին նոր` Ամերիա TV Բանկինգ ծառայությունը: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս հարմար, պարզ և արագ դարձնել կոմունալ վճարների կատարումը:

Բոլոր այն անձինք, ովքեր միաժամանակ հանդիսանում են U!TV-ի ցանկացած փաթեթի բաժանորդ և Ամերիաբանկի հաշվետեր, հեռուստացույցի միջոցով կարող են տեսնել իրենց կոմունալ ծառայության վճարման ենթակա գումարը և ընդամենը հեռուստացույցի հեռակառավարման վահանակի միջոցով կատարել վճարում:

TV Բանկինգ ծառայությունը հնարավորություն է տալիս դիտել կոմունալ վճարումների պարտքը, ստեղծել և կատարել խմբային կոմունալ վճարումներ, դիտել վճարումների պատմությունը, Ամերիաբանկի տվյալ օրվա արտարժույթի փոխարժեքները, ինչպես նաև դիտել Ամերիաբանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները` ցանկով և քարտեզով:

Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ բանկի ռազմավարական ուղղություններից է հեռահար ծառայությունների մատուցման քաղաքականությունը: «Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր հաճախորդների համար ցանկացած վայրում, ցանկացած ժամի և ցանկացած տարբերակով մեր ծառայությունները հասանելի լինեն: TV բանկինգը հերթական քայլն է, որն ըստ էության շուկայում նորություն է, արտասահմանում էլ լայնորեն տարածված չէ»,-ասաց Արման Բարսեղյանը` շեշտելով, որ ծառայությունն անվճար է:

«Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանն էլ ընդգծեց, որ ծառայության մատուցմամբ նպատակ ունեն հեշտացնել հաճախորդների կյանքը, օգտակար լինել նրանց: «Այս ծառայության ամենակարևոր կողմն այն է, որ հնարավորություն է տալիս վճարումները կատարել առանց ինտերնետի հասանելիության»,-նշեց Տիգրան Սաֆարյանը` հավելելով, որ առաջիկայում ծրագրվում են նոր ծառայություններ:

Նրա տեղեկացմամբ` «Յուքոմ»-ի բաժանորդները, ովքեր ցանկություն կունենան օգտվել ծառայությունից, կարող են դիմել ընկերության մասնաճյուղեր, իսկ «Յուքոմ»-ի ծառայություններից օգտվել պատրաստվողները այդ ծառայությանը կմիանան ավտոմատ:

Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, ապա Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ հաճախորդները անհանգստանալու կարիք չունեն, քանի որ «Յուքոմ» ընկերության համապատասխան ծրագրային ապահովումը համակցված է բանկային վճարային համակարգի հետ, որն ապահովում է անվտանգության բոլոր անհրաժետությունները, իսկ ավելորդ տվյալներ համակարգում չեն պահպանվում: Բացի այդ` ծառայությունը մատուցվում է առանց ինտերնետի, ինչն էլ անվտանգության հավելյալ երաշխիք է:

Share