Բաժին. Բիզնես

Uber-ը 9.6 մլրդ դոլարի S դասի Mercedes-Benz է պատվիրել

Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի ծառայություն Uber-ը պատրաստվում է Mercedes-Benz-ից գնել 100 000 ներկայացուցչական S դասի մեքենա։ Այս մասին հայտնել է գերմանական Manager Magazin պարբերականը։

ԱՄՆ-ում S դասի մոդելի գինը սկսում է 96 000 դոլարից։ Եթե հիմք ընդունենք այս գինը, ապա գործարքի արժեքը կկազմի 9.6 մլրդ դոլար։ Իհարկե, 62 մլրդ դոլար գնահատվող Uber-ը կարող է իրեն թույլ տալ ծախսել նման գումար։ Սակայն իրականում գործարքի արժեքը կարող է շատ ավելի փորք լինել, քանի որ խոսքը գնում է 100 000 մեքենայի մասին, ինչը համապատասխանում է 2015թ․-ին Daimler AG-ի կողմից արտադրված S դասի մեքենաների քանակին։

Uber-ը և Mercedes-Benz-ը դեռևս չեն մեկնաբանում այս լուրը։ Ամեն դեպքում Uber-ի ընտրությունը կարելի է բնական համարել, քանի որ  Mercedes-Benz S դասը վստահորեն պահպանում է աշխարհի առաջատար ներկայացուցչական մոդելի դիրքը։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share