Բաժին. Բիզնես

Արագածավանում գյուղատնտեսական սպասարկման կենտրոն է բացվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում:

Բացմանը մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ հյուրեր:

Մասնագիտացված կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:

«Այսօր մենք ներկա ենք հանրապետությունում թվով 14-րդ գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կենտրոնի բացմանը: Մինչև 2020 թվականը նախատեսվում է բոլոր մարզերում ստեղծել 2-3 նմանատիպ կենտրոններ, որոնք կնպաստեն անասնապահության զարգացմանը, մասնավորապես անասնագլխաքանակի ավելացմանն ու մթերատվության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանը», – նշել է իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով անասնապահության ոլորտում մարզում իրականացվող մեկ այլ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի» (CARMAC) ընթացքին` նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ծրագրի մեջ ընդգրկված է  ընդհանուր թվով 138 համայնք, որից 17-ը` Արագածոտնի մարզից: Միաժամանակ նախարարը գոհունակությամբ նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում մարզում արձանագրվել է անասնագլխաքանակի աճ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 2,5, մանր եղջերավոր կենդանիներինը` 7, իսկ խոզերի գլխաքանակը` 33 տոկոսով:  

Իր հերթին տիկին Հիլիարդն ընդգծել է ԱՄՆ և ՀՀ միջև գյուղատնտեսության ոլորտի երկարատև գործակցության կարևորությունը:

«Հաշվի առնելով փաստը, որ Հայաստանի բնակչության 40 տոկոսն ապրում է գյուղական համայնքներում, որտեղ զբաղվածության հիմնական մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, մենք Հայաստանի մեր գործընկերների հետ աշխատում ենք գյուղական համայնքներում գործարարությունը զարգացնելու, առևտուրը և շուկաների հասանելությունը դյուրացնելու և տեղական գործարարներին տեղական մակարդակում գործընկերությունը զարգացնելու և կայուն արդյունքներ ապահովելու հարցում», – նշել է նա:

Նորաբաց կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։ Այն հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Կենտրոնն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների հետ: Այստեղ կազմակերպվելու են Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ: Ակնկալվում է, որ կենտրոնի ծառայություններից կօգտվեն Արագածոտնի մարզի 10 համայնքների շուրջ 2,500 գյուղատնտեսներ:

Share