Բաժին. Բիզնես

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվել է

Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2013թ. սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ 2013թ. սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն ս.թ մայիսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է 2014թ. արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ կամ 2015թ. արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար: Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին մինչև մայիսի 1-ը համապատասխան քանակի նոր սերնդի ՀԴՄ-ներով ապահովումը ռիսկային է՝ փոփոխություններով առաջարկվում է վերը նշված ժամկետը հետաձգել մինչև 2017թ. հունվարի 1-ը: Միաժամանակ, ժամկետի հետաձգումը հնարավորություն կընձեռի ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման առավել սահուն գործընթաց:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարել 2013թ. օգոստոսի 1-ի համապատասխան որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ որոշմամբ առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնի վրա ապրանքների (ծառայությունների) անվանումը տպագրել, համապատասխանաբար, ԱՏԳ ԱԱ և ԱԴԳՏ դասակարգիչներով սահմանված 4 նիշերին համապատասխան: Միաժամանակ, առաջարկվում է նախորդ տարվա արդյունքներով մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա չտպագրել ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը), գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը: Որոշմամբ հստակեցվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպքերը, ինչպես նաև ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների հանձնումից կամ ծառայության ստացումից հետո կատարվող վճարումների արտացոլումը:

Share