Բաժին. Բիզնես

ԻՏՁՄ․ ԴիջիԹեք բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 17-18-ին

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ից  18-ը՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսի ժանանակ հայտարարել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: ԴիջիԹեք բիզնես ֆորումը հնարավորություն կտա ակտիվացնելու ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործողությունների առաջիկա ծրագրի  մշակման գործընթացում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը Հայաստանի համար չափազանց արդիական է համարել ինովացիոն ենթակառուցվածքների զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում:
«Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ներդաշնակ համակարգ, որը հնարավորություն կտա կապելու բիզնեսը գիտելիքի հետ», – ասել է էկոնոմիկայի փոխնախարարը, հավելելով, որ այդ նպատակի իրականացման համար պետք է կոնսոլիդացնել բոլոր համապատասխան կառույցների ներուժը:

Այս տարի բիզնես ֆորումի շրջանակում կծավալվեն քննարկումներ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շուրջ` շահագրգիռ  պետական գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խոսելով ՏՏ ոլորտի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցության մասին՝ ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ընկերություններն այժմ տեխնոլոգիական լուծումներ են մշակում ռազմաարդյունաբերական համալիրին ներկայացնելու համար: Ա. Եսայանը նաև հույս է  հայտնել, որ ՏՏ ընկերությունները իրենց լուծումները կներկայացնեն ֆորումի շրջանակում:

Երկօրյա ֆորումի ընթացքում կլինի նաև Եվրոպական գործարարների (Yes For Europe) և Հայ-գերմանական բիզնես համաժողով:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Նյու Յորքում գործարար համաժողովին արդյունավետ ներկայանալու համար:

Բացի վերոնշյալից, ՀՀ գործարար աշխարհն ու պետական կառույցները  քննարկումներ կանցկացնեն նաև ՏՏ ներդրումային էկոհամակարգերի, ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորման, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության և այլ արդիական թեմաների շուրջ:

Ֆորումի ամբողջական օրակարգը www.digitec.am կայքում:

B2B (Բիզնեսը՝ բիզնեսի համար) ֆորմատի այս ֆորումի հիմնական այցելուները կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն: Այս տարի ակնկալվում է շուրջ 70 ընկերությունների մասնակցություն և մոտ 2000 այցելուներ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թվականից: Երկօրյա բիզնես ֆորումն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Օգտագործվող հաշթագ՝ #BusinessForum2016 | #SmartSolutionsForSmartBusiness | #UITE

ԻՏՁՄ-ն հիմադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 կազմակերպություն: ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում` ԴիջիԹեք ցուցահանդես, ԴիջիԹեք բիզնես ֆորում, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Բիզնես Ինովացիոն ֆորում, ԴիջիՔեմփ ամառային տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրիը (ԱրմՌոբոտիքս), ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը և այլն:

Share