Բաժին. Բիզնես

Առաջին անգամ Հայաստանում կայացել է BigData մրցույթ-հեքեթոն

Առաջին անգամ Հայաստանում կայացել է տվյալների կառավարման գիտության ArmBigData մրցույթ-հեքեթոն: Այն մեկնարկել է մայիսի 13-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և տևել շուրջ 18 ժամ: Հեքեթոնին մասնակցել են 13 թիմեր, որոնք ներկայացրել են փորձարարական գիտությունների և մաթեմատիկայի, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններ (VOLO, Ucom, Monitis, ԹՈՒՄՈ, PicsArt, «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոն, Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ և այլն):

Հեքեթոնի ընթացքում մասնակից թիմերը աշխատել են հեռահաղորդակցության ոլորտի տվյալներով, գտել օրինաչափություններ և վիզուալիզացիայի ենթարկել այն օրինաչափությունները, որոնք կարող են օգնել լուծել հանրային կարևորություն ունեցող խնդիրները: Մասնավորապես, մասնակիցները տրամադրված տվյալների մեծ շտեմարանների վերլուծության արդյունքում առաջարկել են լուծումներ տրանսպորտի և ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորման, վաճառքի արդյունավետ կառավարման և թիրախային գովազդի իրականացման, զբոսաշրջության զարգացման, ցանցային անվտանգության խնդիրների համար:

Մրցույթ-հեքեթոնի արդյունքներն ամփոփվել են մայիսի 14-ին: Հաղթող է ճանաչվել PicsArt-ի թիմը: 2-րդ տեղում հայտնվել է «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի թիմը, իսկ 3-րդ տեղում՝ ԹՈՒՄՈ-ն ներկայացնող թիմը:

Հեքեթոնը նախաձեռնել և կազմակերպել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջը՝ ԹՈՒՄՈ, VOLO, PicsArt, Ucom, Monitis, BetConstruct և Teamable ընկերությունների աջակցությամբ:

Նախաձեռնության նպատակն էր բացահայտել Հայաստանում տվյալների գիտության (Data Science) ոլորտում առկա ներուժը, հետագայում հնարավորություն ընձեռել մասնագետներին ներգրավվել տեղական և միջազգային առաջատար նախագծերում, իսկ հեռահար նպատակն է Հայաստանում հիմնել տվյալների վերլուծության  և կառավարման լաբորատորիա (ArmBigData Lab), ինչը էապես կնպաստի երկրում ոլորտի զարգացմանը:

ArmBigData հեքեթոնի լուսանկարները ներկայացնում ենք ստորև.

Share