Բաժին. Բիզնես

Մրցանակների արժանացած կին գործարարները բիզնեսի ոլորտում խտրականության չեն հանդիպել

ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար 2016 թ.» մրցանակաբաշխությանը` հունիսի 29-ին մրացանակների արժանացած կին գործարարները կին գործարարները բիզնեսի ոլորտում խտրականության չեն հանդիպել: Նրանք հուլիսի 2-ին մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների, նրանց առջև ծառացած խնդիրների և լուծման ուղիների մասին:

«Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգում մրցանակ ստացած Անահիտ Մարկոսյանը և խրախուսական մրցանակի արժանացած Նիկա Մանուկովան, կիսելով նույն տեսակետը, նշեցին, որ Հայաստանում բիզնեսի ոլորտում կանանց և տղամարդկանց միջև խտրականություն չեն նկատել: Սակայն այդ ոլորտում կան շատ թերությունները, որոնք շտկման կարիք ունեն:

«Ես շնորհակալ եմ ցուցաբերած ուշադրության համար, սակայն ուզում եմ խոսել նաև առկա խնդիրների մասին: Բիզնեսի զարգացման համար բանկային ոլորտից պատշաճ աջակցություն չենք ստանում: Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ապահովել մեծ քանակությամբ ապրանք, սակայն պետք է ապահովել ապրանքի լավ որակը: Մրցանակաբաշխության ընթացքում ես կրկին համոզվեցի, թե Հայաստանում ինչքան շատ են խելացի, տաղանդավոր, բիզնես մտածելակերպ ունեցող կանայք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անահիտ Մարկոսյանը:

«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում հաղթած Քրիստինե Գրիգորյանը, խոսելով իր աշխատանքի մասին, նշեց. «Մենք ստեղծում ենք հագուստ բոլորի համար, նաև մատուցում ենք ոճաբանի ծառայություններ: Մենք նաև փորձում ենք մեր քաղաքական գործիչների հագուստների մոտեցումը մի փոքր փոխել: Քաղաքական գործիչները պետք է ճիշտ հագնվեն, քանի-որ ներկայանում են աշխարհին»:

Քրիստինե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում բիզնեսը դժվար է զարգացնել: «Ես կարծում եմ, որ Հայաստանում բարդությունները շատ արհեստական են ստեղծվում և մարդիկ չեն կարողանում զարգացնել իրենց բիզնեսը: Լավ կլիներ, որ երիտասարդները պետական աջակցություն ստանային նոր բիզնես սկսելու համար: Այս կերպ որոշ չափով կլուծվեր արտագաղթի խնդիրը: Երիտասարդների  արտագաղթի պատճառով մենք որակյալ կադրեր ենք կորցնում»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը:

Նիկա Մանուկովայի կարծիքով` բիզնեսի ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք: «Այս մրցանակը գնահատական է մեր աշխատանքի համար, որը ավելի է պարտավորեցնում: Մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք, որի պարագայում մեր խնդիրների մեծ մասը լուծում կստանան»,- ասաց նա:

Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից: Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: 2016թ. մրցանակները շնորհվել են 6 անվանակարգերում:

Share