Բաժին. Բիզնես

Forbes. աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելները – 2016

Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդհենը տարեկան 30,5 մլն դոլար եկամտով վերստին գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների վարկանիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

36-ամյա Բունդհենի եկամուտը մեկ տարվա ընթացքում նվազել է 13,5 մլն դոլարով, ինչը, սակայն, չի խանգարել նրան 2012 թվականից առաջին հորիզոնականն զբաղեցնել աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների ցուցակում:

Սուպերմոդելը 20 մլն դոլարով գերազանցել է իր մերձավոր մրցակցուհուն՝ Ադրիանա Լիմային, որն զբաղեցրել է երկրորդ տեղը: Forbes-ը 35-ամյա բրազիլուհու եկամուտը գնահատել է 10,5 մլն դոլար:

Ցուցակի երրորդ և չորրորդ տեղերը կիսել են 20-ամյա Քենդալ Ջենները և 24-ամյա Քառլի Քլոսն ԱՄՆ-ից. երկու մոդելները տարվա ընթացքում վաստակել են 10-ական մլն դոլար:

Ռուս Նատալյա Վոդյանովան միայն 11-րդն է՝ վաստակելով 5,5 մլն դոլար: Մինչդեռ 2015 թվականին նա եզրափակում էր առաջին հնգյակը:

Forbes-ի 2016 թվականի վարկանիշում տեղ են գտել 21-ամյա մոդել Ջիջի Հադիդը, 29-ամյա Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին, որոնցից յուրաքանչյուրի եկամուտը գնահատվում է 9 մլն դոլար, ինչպես նաև 24-ամյա Կարա Դելեվինը (8,5 մլն դոլար), Հարավային Աֆրիկայից 27-ամյա մոդել Քենդիս Սվեյնփոլը և 29-ամյա չինուհի Լյու Վենը (7-ական մլն դոլար), Միրանդա Քերը (6 մլն դոլար):

Հրատարակչությունը նշում է, որ այս տարի ամենաբարձր վճարվող մոդելների ցուցակը նորացել է մեկ երրորդով:

Share