Բաժին. Բիզնես

Հայկական կոշիկ արտադրող 10 ընկերություն մասնակցում է «MosShoes-2016» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի 10 ընկերություններ մեկ միասնական տաղավարով սեպտեմբերի 13-16-ը մասնակցում են Մոսկվայում բացված «MosShoes-2016» միջազգային ցուցահանդեսին, որը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայկական ընկերությունները մասնագիտացված միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են արդեն երրորդ անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«MosShoes» 69-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը Հիմնադրամի կողմից ապահովվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում:

«Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել ենք հինականում արտահանման խթանման և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով: Տարեկան այս ցուցահանդես է այցելում ավելի քան 12 000 մարդ՝ հիմնականում մեծածախ գնորդներ և ոլորտի մասնագետներ, և սա մեր արտադրողների համար նաև լրացուցիչ ճանապարհ է՝ միջազգային շուկա մուտք գործելու և նոր գնորդներ ձեռք բերելու համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը։

Share