Բաժին. Բիզնես

Խաչատուր Սուքիասյան. կոշիկի արտադրությունը զարգացնելու համար հարկավոր է նորագույն սարքավորումներ ներկրել մեր երկիր

Հայաստանում կոշիկի արտադրությունը առաջիկա երեք տարիների ընթացքում մեծ վերելք կունենա: Այս մասին «Երեւան» տոնավաճառի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նրա խոսքով` կոշիկի արտադրությունը զարգացնելու համար հարկավոր է նորագույն սարքավորումներ ներկրել մեր երկիր: «Կոշիկ ասելով միայն կաշին ի նկատի չունենք: Կոշիկի արտադրության համար անհրաժեշտ մնացած բաղադրիչները եւս պետք է Հայաստանում արտադրվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սուքիասյանը:

Գործարարը նշեց, որ միջոցներ կհատկացվեն` սկզբնական շրջանում արտադրանքը Հայաստանում, ապա նաեւ Հայաստանից դուրս իրացնելու համար: «Մեզ անհրաժեշտ են նոր սարքավորումները` մրցունակ արտադրանք ստեղծելու համար»,-հավելեց նա:

«Երեւան» տոնավաճառի երրորդ հարկը նախատեսված է լինելու հայկական արտադրության կոշիկի վաճառքի համար:

Share