Բաժին. Բիզնես

Հյուրատնային բիզնեսն Ալավերդիում նոր որակ կունենա

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ  (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող  «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, նոյեմբերի 15-16-ը կազմակերպել է «Հյուրատների կառավարում» և «Հաճախորդների սպասարկում» թեմաներով անվճար դասընթաց` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում զբոսաշրջության ոլորտում գործող 12 գործարարի համար, ինչպես նաև տրամադրել է անհատական խորհրդատվություն`  այցելելով շահառուներին:

Դասընթացն իրականացրել է «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը: Այն  ներառել է «Հյուրատների կառավարում» և «Հաճախորդների սպասարկում» թեմաները:   «Հյուրատների կառավարում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հյուրատների ներքին կանոնակարգի մշակմանը, հարմարությունների և սննդի կազմակերպմանը, գնագոյացմանը, ինքնարժեքի հաշվարկմանը, մարքեթինգային գործիքների կիրառմանը, գովազդային գործունեության կազմակերպմանը, ֆինանսների կառավարմանը, ինչպես նաև ոլորտի գործունեությունը կանոնակարգող իրավական օրենսդրությանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից:

«Հաճախորդների սպասարկում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հաճախորդների կարիքների բացահայտման, հաճախորդների տարբեր խմբերի սպասարկման առանձնահատկությունների, սպասարկման կանոնների, լրացուցիչ ծառայությունների տրամադրման վերաբերյալ և այլ հարցերին:

Խորհրդատուները ծրագրի մասնակիցներին տրամադրել են նաև անհատական խորհրդատվություն, որի ընթացքում տեղում ուսումնասիրվել են մասնակցի խնդիրները և առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:  Իրականացված դասընթացի  և անհատական խորհրդատվական հանդիպումների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստացել ավելի հստակ պատկերացնել սեփական բիզնեսի կառավարման առանձնահատկությունները:

Share