Բաժին. Բիզնես

Հայկական 23 ընկերություն մասնակցում է Մոսկվայում ընթացող «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 23 ընկերություն մեկ միասնական տաղավարով փետրվարի 6-10-ը Մոսկվայում մասնակցում են «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Մեր ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Անցած տարի նույն ցուցահանդեսի մասնակցությունից հետո հայկական ընկերությունները նոր գործարար կապեր են ձեռք բերել, երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր կնքել մատակարարների հետ և նկատելիորեն մեծացրել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան:

«Օգտագործելով օտարերկրյա մեծածախ գնորդներին հանդիպելու այս արդյունավետ միջոցը, հայկական սննդարդյունաբերողներն անցած տարի հանդիպել են շուրջ 600 հնարավոր գնորդների, այդ թվում` հանրաճանաչ առևտրային ցանցերի ներկայացուցիչների։ Նոր գործնական կապերի շնորհիվ, շուրջ 186 մլն դրամի չափով արտահանման պայմանագրեր են կնքվել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաև մրցույթների, հաղթում տարբեր անվանակարգերում, ինչը նույնպես ապրանքանիշերի ճանաչելիությունն ընդլայնելու, նոր գործընկերների ուշադրությունը գրավելու և արտահանումը խթանող միջոց է։

Սննդի, խմիչքների և սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որին նախորդ տարի մասնակցել է մոտ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 000 մարդ, այդ թվում՝ գնորդ և մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական գլխավոր առևտրային գործընկերը՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առևտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15.1 տոկոս է: Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս:

Հայաստանից Ռուսաստան արտահանման մասնաբաժինը հունվար-դեկտեմբերին կազմել է 20.8 տոկոս, արտահանման ծավալը՝ 371 միլիոն դոլար:

Share