Բաժին. Բիզնես

Տասնյակ ընկերություններ բողոքում են DHL-ի հայաստանյան ներկայացուցչի գործունեությունից

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին են դիմել մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող տասնյակ ընկերություններ (մաքսային բրոքերներ), որոնք բողոքում են մեր երկրում միջազգային փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից:

Նույն խնդիրն են բարձրացնում նաև մի շարք խոշոր տնտեսվարողներ՝ «Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» և այլն:

Ըստ Հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքի, մեր երկրում «Յումակս» ընկերությունը տարածել է հայտարարություն, ըստ որի այս տարվա հունվարի 16–ից DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձևակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, «Յումակսի» միջոցով մաքսային ձևակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց բեռները ետ կուղարկվեն:

Բողոքում նշված է նաև, որ «Յումակս» ընկերությունը արդեն իսկ անցել է այդ գործելաոճին և ներկայումս հրաժարվում է հասցեատերերին հանձնել ուղարկված ապրանքների մաքսային փաստաթղթերը՝ փաստացի ստիպելով դրանք մաքսազերծել իր միջոցով:
Մաքսային բրոքերական ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ Հայաստան ուղարկվող բեռների և փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետևապես վերջինիս նման վարքագիծը ուղղակիորեն բացասաբար է անդրադառնում իրենց հետագա գործունեության վրա: Դիմում-բողոքում նշված է նաև, որ բեռների մաքսային հայտարարագրում անելու համար «Յումակս» (DHL) ընկերության սահմանած գները անհամեմատ բարձր են նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների սակագներից:

Հանձնաժողովին դիմած տնտեսվարողները ներկայացնում են նաև, որ «Յումակսի» նման գործունեության հետևանքով բախվել են մեկ այլ խնդրի ևս: Մասնավորապես, այդ տնտեսվարողները պարբերաբար իրականացնում են խոշոր ներմուծումներ, ինչով էլ պայմանավորված ունեն համապատասխան մասնագիտացված աշխատակիցներ, ովքեր զբաղվում են այդ բեռների մաքսազերծմամբ: Այսինքն, տվյալ պարագայում, մաքսային բրոքերի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չի առաջանում:

Հետևապես, վերջինների համար «Յումակսի» նման պարտադրանքը ֆինանսական միջոցների հավելյալ՝ խոշոր ծախս է առաջացնում: Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովը հնարավորինս սեղմ ժամկետում կուսումնասիրի և օրենքի սահմաններում լուծում կտա խնդրին:

Share