Բաժին. Բիզնես

ՎԶԵԲ-ը, Եվրամիությունը և Շվեդիան կաջակցեն կին ձեռներեցությանը Հայաստանում

Նոր ծրագիր, որը ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին

Խթանելով կանանց ներգրավվածությունը որպես հաջողակ տնտեսությունների հիմնական տարր` ՎԶԵԲ-ը ՀՀ-ում մեկնարկում է իր կողմից իրականացվող հաջողակ նախագծերից մեկի՝ «Գործարար կանայք» ծրագրի ընդլայնումը տեղական վարկատուների՝ Ամերիաբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցով:

Վերոնշյալ բանկերը միացել են ծրագրին անցյալ տարեվերջին և այժմ պատրաստ են կանանց կողմից ղեկավարվող տեղական բիզնեսներին վարկավորել ծրագրի նպատակներին և պահանջներին համապատասխան: Ծրագրին շուտով կմիանա նաև Արարատբանկը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, կարևորելով կանանց ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը` նշեց. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կանանց համար մշտապես մշակվում և առաջարկվում են վարկային տարբեր պրոդուկտներ` հնարավոր լավագույն պայմաններով: Այս նախագիծը ևս կանանց թույլ կտա իրագործելու իրենց նախագծերն ու գաղափարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր աշխատատեղեր ստեղծել` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ կանայք բավակին մեծ գործարար ներուժ ունեն, ուստիև այս նախագծից շատ լուրջ արդյունքներ ենք ակնկալում»:

Հայաստանը առաջիններից է միացել ՎԶԵԲ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, իրականացվող «Գործարար կանայք» ծրագրին: Ծրագիրը խթանում է կանանց ձեռներեցությունը՝ հնարավորություն տալով բարելավել ֆինանսավորման և խորհրդատվության հասանելիությունը կանանց կողմից ղեկավարվող տեղական ՓՄՁ-ների համար:

Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է 55 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը:

Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական միության, Շվեդիայի և Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:

«Գործարար կանայք» ծրագիրը ՀՀ-ում կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումը և խորհրդատվությունը, տեխնիկական աջակցություն կտրամադրի ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներին և բիզնես խորհրդատվություն կին ձեռներեցներին: Ծրագիրը նաև իրականացնում է բիզնես խորհրդատվություն՝ բիզնես քոուչինգ և ուղղորդում:

Ինչպես նշեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար. Մարկ Դեյվիսը, – «Մենք հավատում ենք՝ երբ շուկայի ձախողումները լուծված լինեն, խոչընդոտները՝ հաղթահարված և կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները կստանան հավասար հնարավորություններ, նրանք կկարողանան իրականացնել տնտեսության արդյունավետությանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործունեություն»:

Շվեդիայի կառավարությունը Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար հատկացրել է 47 մլն շվեդական կրոն (մոտ 5.2 միլիոն եվրո):

«Կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված աջակցությունը տարածաշրջանում տնտեսական աճի բանալին է: Կանանց ձեռներեցությունը կարևոր ներդրում է ազգային տնտեսության մեջ, և կանանց կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ ավելի արագ տեմպերով են աճում, քան նրանք, որոնք ղեկավարվում են տղամարդկանց կողմից»,- նշել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը:

Հաջորդ 4,5 մլն եվրոն տրամադրել է Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Հիմնադրամը. միջոցներն ուղղվել են վարկավորման որակի բարձրացման ֆինանսավորմանը ու ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացմանը: Նշենք, որ ՎԶԵԲ-ի Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից ծրագրին ուղղվել է ևս 0.9 մլն եվրո:

«ԵՄ-ն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում խթանել հավասար իրավունքներ բոլորի համար գործունեության ցանկացած ոլորտում: ԵՄ-ն գտնում է, որ հայ կանայք երիտասարդ սերնդի հետ միասին պետք է լիարժեք իրականացնեն իրենց դերը՝ որպես Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ, իսկ ԵՄ-ն կշարունակի ավելի ու ավելի ներդնել այդ ոլորտում: Հայ կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները տնտեսական աճի տեսանկյունից մեծ հնարավորություն են ներկայացնում և ԵՄ-ն հուսով է, որ Հայաստանի իշխանությունները ևս դա հաշվի կառնեն ու իրենց հերթին կհեշտացնեն գործարար կանանց գործունեությունը»,-հավելեց Եվրոպական միության Հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Իր նոր անցումային հայեցակարգի շրջանակում, որը մեկնարկել է այս տարեսկզբին, ՎԶԵԲ-ը առանձնացնում է վեց անցումային որակներ. Բանկը հավատում է, որ լավ գործառնող շուկայական տնտեսությունը պետք է լինի մրցակցային, լավ կառավարվող, թափանցիկ, ներառական, տոկուն և ինտեգրված:

ՎԶԵԲ-ը ներկայումս «Գործարար կանայք» ծրագիրը իրականացնում է 16 երկրներում:

Share