Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմը և ՀԱՊՀ-ը կհամագործակցեն

Ապրիլի 10-ին «Ռոստելեկոմը» և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ բուհի զարգացման և փոխգործակցության։

Մասնավորապես, հուշագիրը ստորագրվեց՝ նպատակ ունենալով ապահովելու Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռք բերումը, կարևորելով կրթության որակը, հայաստանյան շուկան որակյալ աշխատողներով համալրելու և գիտակից քաղաքացիներ դաստիարակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և «Ռոստելեկոմի» միջև համագործակցությունը և երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությունը։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ բուհի ուսանողներն իրենց գիտելիքներով մրցունակ են և կարողանում են աշխատել ոլորտի լավագույն ընկերություններում, ինչպիսին «Ռոստելեկոմն» է։» – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Համագործակցության շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամին ուսանողների կրթական գործընթացն առավել բարձրակարգ կազմակերպելու նպատակով հանձնվեցին Cisco Systems ցանցային սարքավորումներ և համակարգիչներ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակելու ընկերության մասնագետների կողմից դասախոսությունների և բուհի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպման գործընթացները

«Համոզված եմ՝ մեր կողմից տրամադրված բարձրակարգ Cisco սարքավորումներն ու համակարգչային տեխնիկան կնպաստեն ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ ուսանողների գիտելիքների կատարելագործմանը։ Մենք բազմիցս հյուրընկալել ենք և շարունակելու ենք այցելություններ կազմակերպել հայաստանյան բուհերի ուսանողների համար դեպի մեր դատա կենտրոն և ներկայացնել գերժամանակակից սերվերային հանգույցներն ու տեխնոլոգիական լուծումները։»—հավելեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին գործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝

– կազմակերպելու դասախոսություններ և անցկացնելու դասընթացներ համալսարանի ուսանողների համար՝ ներգրավելով «Ռոստելեկոմի» ղեկավար կազմին և առաջատար աշխատակիցներին,

– կազմակերպելու «Ռոստելեկոմի» ներկայացուցիչների հանդիպումներ և քննարկումներ Համալսարանի ուսանողների և դասախոսների հետ Ընկերության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ,

– ապահովելու Համալսարանի ուսանողների ներգրավվածությունը՝ նրանց հմտությունների գործնական կիրառմանը նպաստող ծրագրերին,

– կազմակերպելու «Ռոստելեկոմի» ստորաբաժանումներ ուսանողների այցելություններ, նրանց ընդգրկել «Ռոստելեկոմի» տարբեր միջոցառումներում, ծրագրերում,

– ապահովելու Համալսարանի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը «Ռոստելեկոմի» ստորաբաժանումներում,

– հնարավորության դեպքում, աջակցելու Համալսարանի ուսանողների աշխատանքի ներգրավման գործընթացին։

Երկու կառույցների ղեկավարները վստահություն հայտնեցին, որ համագործակցությունը իրապես կնպաստի ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի բարձրակարգ մասնագետների ու կադրերի ձևավորմանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share