Բաժին. Բիզնես

ՏՏ համաշխարհային համաժողովին Հայաստան կժամանեն ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչ

Երևանում հունիսի 9-10-ը կանցկացվի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Այս տարին ֆորումի համար հոբելյանական է: Այն արդեն 10-րդ անգամ յուրօրինակ հարթակ է դառնում ՏՏ ոլորտի և բիզնեսի մյուս ճյուղերի ներկայացուցիչների համար:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևոր միջոցառումներից է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

«Այս տարի ֆորումի ժամանակ կհայտարարվի Երևանում 2019 կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: Այս կարևոր միջոցառումն անցկացնելու համար պահանջվում է հսկայածավալ աշխատանք: Հայաստանում այս կոնգրեսի անցկացումը մեծ հնարավորություններ է ենթադրում, քանի որ համաշխարհային IT ընկերությունների 2000-ից ավելի լիդերներ են գալու Հայաստան: Դա նշանակում է, որ կարող ենք նրանց ցույց տալ Հայաստանի IT լուծումները, հնարավորությունները, ներուժը»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Այս տարի կայանալիք «ԴիջիԹեք» ֆորումի հյուրն են լինելու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology And Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։ Կքննարկվեն 2019 թվականին Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Կներկայացվի ՀՀ-ում անցկացվելիք համաժողովի բրենդը՝ գրաֆիկական և տեքստային մոտեցումները, որոնք մշակել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2017-ին կշարունակի նախորդ տարվա ուղղությունները, որոնք, մասնավորապես, նվիրված են ռազմարդյունաբերությանը, անվտանգությանը։

«Նախորդ տարի ապրիլյան դեպքերից հետո մեծ քննարկումներ տեղի ունեցան, որից հետո Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միությունը ինժեներների մոբիլիզացիա հայտարարեց: Այսօր ձևավորված խումբն աշխատում է ՊՆ-ի հետ նոր զինատեսակների մշակման առումով»,-ասաց նա` ընդգծելով որ ՊՆ-ի հետ համագործակցության մակարդակն անհամեմատ մեծացել է: Նրա խոսքով, ՊՆ-ի հետ աշխատում են տարբեր ուղղություններով` գաղտնագրված կապ, հակառակորդի անօդաչու սարքերի հայտնաբերումը, հարձակվողական գործիքների հեռահար կառավարում, հետախուզության գործիքներ, բանակի կառավարման համակարգ և այլն: Առաջարկվում են IT լուծումներ այդ նշված ուղղություններով:

Կարեն Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է, որ անհատները, բիզնեսը սկսել են ավելի շատ օգտագործել ՏՀՏ տեխնոլոգիաներ: Այդ գործում առաջատարը բանկային ոլորտն է:

Ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն:

Share