Բաժին. Բիզնես

ՏՄՊՊՀ. արգելվել է Microsoft-ի չարտոնագրված ծրագրերի վաճառքը Հայաստանում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ այսօր ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն անդրադարձավ նաև ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի գործին՝ տեղեկացնելով, որ Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել կորպորացիայի ՀՀ-ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերության կողմից: Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Մայքրոսոֆթի» շահերի և հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես է գալիս իրենց ընկերությունը: Ըստ դիմում-բողոքի, հանրապետությունում համակարգիչների վերավաճառքով զբաղվող ընկերություններում կատարված գաղտնի ստուգումների և մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ տասնյակ ընկերություններ գնորդներին վաճառում են «Մայքրոսոֆթի» կողմից մշակված ծրագրերի չարտոնագրված, այլ կերպ ասած՝ հենային տարբերակները:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ, իսկապես մի շարք ընկերություններ գնորդներին վաճառել են «Մայքրոսոֆթի» չարտոնագրված տարբերակները: Հանձնաժողովի դիտարկմամբ, նման գործունեությունը կարող է առաջին հերթին վնաս պատճառել սպառողին, որոնք կրում են չարտոնագրված ապրանք ձեռք բերելու ռիսկը, և, բացի այդ, այն նաև կարող է լուրջ խնդիր առաջացնել տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար՝ վնասելով նրանց շահերին: Հետևապես, համակարգչային տեխնիկայի վաճառքով և սպասարկմամբ զբաղվող մի շարք ընկերությունների գործունեությունը դիտարկվել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար օրենքով սահմանված կարգով վերջիններս ենթարկվել են պատասխանատվության:

Share