Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է X-Class փիքափը

Հարավաֆրիկյան Հանրապությունում կայացել է Mercedes-Benz X-Class փիքափի պաշտոնական ներկայացումը։ Մեքենան ստեղծվել է Daimler AG-ի և Renault-Nissan-ի համագործակցության արդյունքում։ X-Class-ի հիմքում ընկած է Nissan Navara մոդելի թափքը, սակայն խոսքը չի գնում միայն Nissan-ի մոդելի արտաքին փոփոխությունների մասին։ Mercedes-Benz-ի մասնագետները լուրջ փոփոխություններ են իրականացրել մոդելի կառուցվածքում, մասնավորապես խոսքը գնում է կախոցների աշխատանքի փոփոխության մասին։

Թողարկման սկզբնական փուլում մեքենայի վրա կտեղադրվեն Nissan-ի շարժիչներ` 2.3 լիտր ծավալով տուրբոդիզել X220d` 163 ձիաուժ հզորությամբ և X250d` 190 ձիաուժ։ Կառաջարկվի նաև բենզինային շարժիչ՝ 2.5 լիտր՝ 165 ձիաուժ։ Մեքենան կառաջարկվի 6 աստիճան մեխանիկական փոխանցումատուփով, իսկ  X250d շարժիչի համար հասանելի կլինի նաև 6 աստիճան ավտոմատ փոխանցումատուփ։ 4MATIC կլինեն միայն փիքափի դիզելային մոդելները, որոնք նաև կունենան 4H և 4L վարելու ռեժիմներ։

2018թ.-ին արդեն սպասվում է ավելի «հետաքրքիր» մոդելների թողարկում, որոնք զինված կլինեն Mercedes-Benz-ի V6 դիզելային 3 լիտր ծավալով և 258 ձիաուժ հզորությամբ շարժիչներով։

Փիքափները կարտադրվեն Nissan-ի իսպանական գործարանում, իսկ ավելի ուշ նաև Renault-ի արգենտինական գործարանում։ Եվրոպայում փիքափը հասանելի կլինի այս տարվա նոյեմբերին։

Share