Բիզնես | 17:25 19/07/17

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ավտոմեքենաներ ներմուծող ընկերությունների ղեկավարներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով ընդունեց մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։

Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին  առնչվող մի շարք խնդիրներ:

Նրանց փոխանցմամբ՝ մեքենաների 90%-ից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Նշվեց նաև, որ մեքենաների գերակշիռ մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, բնապահպանական տեսանկյունից էլ դրանց արտանետումները՝ շատ։

Քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք տարբերակներ։

Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ովքեր բարձրացված խնդիրների և առաջարկությունների հիման վրա կմշակեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ: