Բաժին. Բիզնես

Յանդեքս․Տաքսին արդեն հասանելի է Վանաձորում

Վանաձորում սկսել է գործել Յանդեքս․Տաքսի ծառայությունը։ Այժմ քաղաքի բնակիչները կարող են տաքսի պատվիրել բջջային հավելվածի կամ կայքի միջոցով։

Մեքենա պատվիրելու համար դիսպետչերական կետ զանգահարելու կարիք չկա. Յանդեքս․Տաքսին ավտոմատ կերպով կորոշի օգտատիրոջ գտնվելու վայրը և պատվերը կուղարկի այն վարորդին, ով կկարողանա մոտենալ բոլորից արագ։ Վանաձորում տաքսու մոտեցման միջին ժամանակը կազմում է 5 րոպե։ Տաքսու մոտենալու ընթացքին կարելի է հետևել քաղաքի քարտեզի վրա՝ անմիջապես հավելվածում։

Վանաձորում գործում է միասնական սակագին. ուղևորության նվազագույն արժեքը չի գերազանցում 200 դրամը՝ ներառյալ մեքենայի մոտեցումը և 2 կմ ուղևորությունը, այնուհետև յուրաքանչյուր կմ-ի համար՝ 100 դրամից ոչ ավել։ Օրինակ՝ 200 դրամով կարելի է Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանից հասնել երկաթուղային կայարան, իսկ  Հայքի հրապարակից Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ գործում է Յանդեքսի ծրագրավորման դպրոցը, կարժենա մոտավորապես 500 դրամ։ Քաղաքի սահմաններից դուրս գալու դեպքում երթուղու յուրաքանչյուր կմ-ն արժե 150 դրամից ոչ ավել։

«Մեր տեխնոլոգիաների ու ալգորիթմների շնորհիվ տաքսին դառնում է հարմար ու մատչելի փոխադրամիջոց։ Պատվերն ավտոմատ կերպով փոխանցելով մոտակա վարորդին՝ մենք նվազեցնում ենք մեքենայի մոտեցման ժամանակը և, հետևաբար, ծառայության ինքնարժեքը, քանի որ վարորդը ստիպված չէ հասնել քաղաքի մյուս ծայրը՝ հաճախորդին մոտենալու համար։ Այժմ մեր ուղևորություններն ամենամատչելին են Վանաձոր քաղաքում», – ասում է Յանդեքս․Տաքսիի միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը։

Տաքսի պատվիրելիս պարտադիր չէ իմանալ նշանակման վայրի ստույգ հասցեն։ Բավական է նշել հաստատության կամ կազմակերպության անվանումը. ծառայությունը այն կգտնի քարտեզի վրա և կկառուցի երթուղին։

Յանդեքս.Տաքսին չի աշխատում անմիջականորեն վարորդների հետ, այլ համագործակցում է  տաքսոպարկերի և դիսպետչերական ծառայությունների հետ։ Պատվերները բաշխելիս հավելվածը հաշվի է առնում վարորդի վարկանիշը՝ հիմնված օգտատերերի գնահատականների և կատարած ուղևորությունների վիճակագրության վրա։ Վանաձորում ծառայությանը միացել են երկու գործընկեր տաքսոպարկերի 50 ավտոմեքենաներ: Հայաստանում Յանդեքս․Տաքսին արդեն գործում է Երևան և Գյումրի քաղաքներում։

Յանդեքս․Տաքսի անվճար հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերի համար։ Ուղևորության արժեքը կարելի է հաշվարկել կայքում:

—————–

Յանդեքս․Տաքսի ծառայությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Վրաստանում: Ընդհանուր առմամբ, ծառայությանը միացած են ավելի քան 200 000 վարորդներ:

Share