Բաժին. Բիզնես

ՀՀ կառավարություն. աջակցություն ներդրումային ծրագրերին՝ կստեղծվի մոտ 200 նոր աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Դատա քյուբ» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԱՄՆ, Անգլիա, Կիպրոս, Լատվիա, Վրաստան, Իսրայել, հետագայում նաև՝ ԵԱՏՄ անդամ-երկրներ։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` մոտ 200 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ 60-ից ավելի:

Մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Շատո-Առնո» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղում վերսկսել ընկերության 2-րդ մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, որտեղ զբաղվելու է ալկոհոլային խմիչքների (կոնյակ և գինի) արտադրությամբ։ Այդ նպատակով նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 76,1 մլն ՀՀ դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաև «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերության նպատակն է հիմնել և զբաղվել հանրային սննդի գործունեությամբ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 602,2 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից մոտ 23,9 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 80 աշխատատեղ` 190 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Բավարարվել է «Գոֆրոլայն» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծալքավոր ստվարաթղթի արտադրության համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում՝ ստեղծելով 10 նոր աշխատատեղ։ Արտադրանքի ծավալները կկազմեն 250 մլն ՀՀ դրամ, որը հիմնականում կիրացվի ՀՀ տարածքում։

Կառավարության որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Էլբատ» ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքն օգտագործելու է մարտկոցների և կուտակիչների արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 14 550 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Նախատեսվում է ստեղծել 78 նոր աշխատատեղ՝ մոտ 198 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն 1,5 մլրդ ՀՀ դրամ, որից 1 050 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 375 000 000 ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, 75 000 000 ՀՀ դրամը՝ երրորդ երկրներում։

«Պակ Պեն» ՍՊԸ-ն ևս կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Գործադիրը հավանություն է տվել «ԱրմՀոլդինգ» ՓԲԸ արտահանման 2018-2021 թթ. ծրագրին և սահմանել ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը: Արդյունքում կիրականացվեն ներդրումներ և կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Share