Բաժին. Բիզնես

Սևանում մեկնարկած Ստարտափ Սամմիթը կանցկացվի նաև Գոայում

Հնդկաստանի Գոա քաղաքում մարտին կանցկացվի «Սիսայդ ստարտափ սամմիթ»-ը բիզնես ֆորումը: Գոայում ներկայացված են լինելու հնդկական ստարտափ էկոհամակարգի հիմնական դերակատարները, ինչպես նաև մի շարք թիմեր Հեռավոր Արևելքի երկրներից:  «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվամբ նախատեսվում է անցկացնել ԱՄԷ-ում, Հնդկաստանում, Իսպանիայում, Սինգապուրում և մի շարք այլ երկրներում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Սիսայդ ստարտափ սամմիթ»-ի համաշխարհային պրոյեկտ դառնալու նպատակով «Գրանատուս վենչուրս» առաջին հայկական վենչուրային ընկերության հետ համատեղ հիմնադրվում է «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս» ընկերությունը։

«Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը կածում է, որ «Սևան ստարտափ սամմիթ»-ի միջազգայնացումը հնարավորություն կտա հայկական ստարտափ էկոհամակարգին ուղիղ կապ հաստատել միջազգային ներդրողների և ստարտափ համայնքների հետ:  «Մենք նախատեսում ենք սիսայդ սամիթների լավագույն մասնակիցներին հնարավորություն տալ մասնակցելու «Սևան ստարտափ սամմիթ»-ին, որը լինելու է տարվա գլխավոր միջոցառումը։ Հայաստանն արդեն իսկ ունի արդի տեխնոլոգիական լուծումներով ստարտափների շարք, որոնց բարդ տեխնիկական լուծումները տեղական մասնագետների յուրահատուկ որակների վրա են հիմնված: Մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել համաշխարհային ստարտափ էկոհամակարգի կարևոր հանգույցներից մեկը և այդ կերպ աշխարհի տարբեր երկրներից ներգրավել օտարերկրյա կապիտալ»,-նշել է Մանուկ Հերգնյանը:

Ֆորումի հեղինակները արդեն հայտարարել են 2018 թվականի փետրվարի 8-12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում «Սիսայդ ստարտափ սամմիթ» անցկացնելու մասին, որտեղ ներկայացված կլինեն ամբողջ Մերձավոր Արևելքի  հեռանկարային ստարտափները:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիրներն են Արթուր Ջանիբեկյանն ու Հակոբ Հակոբյանը:

Share