Բաժին. Բիզնես

Փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության կատարելագործված մեխանիզմներ կստեղծվեն

Առաջարկվող նախագծով կկատարելագործվեն փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմները, կներդրվեն լայնամասշտաբ էլեկտրոնային համակարգեր, իսկ տնտեսավարողներն առնվազն 4 շաբաթում կկարողանան  հետ ստանալ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին խոսեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչության պետ Ալբերտ Բաբայանը:

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդամ են հանդիսանում բոլոր շահագրգիռ կառույցների նախարարների տեղակալները: Եվ հենց այդ աշխատանքային խմբի շրջանակում էլ մշակվել և հանրային քննարկման է դրվել նախագիծը: Նախնական տարբերակում 10 ոլորտային բաժիններով ներկայացվել են միջոցառումներ: Դրանց հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը»,-ասաց Բաբայանը:

Ոլորտները, որոնցում պետք է իրականացվեն միջոցառումները, տասն են, մասնավորապես՝ ձեռնարկությունների գրանցում, շինարարական թույլտվությունների տրամադրում, հարկային և մաքսային ոլորտներ, սնանկության ճանաչում, առևտրային վեճերի լուծում, սեփականության գրանցում, վարկերի տրամադրում և ներդրողների պաշտպանվածություն: Բոլոր ոլորտների մասով ամենակարևոր կետը հանրային իրազեկման բարձրացումն է, պետություն-մասնավոր հատված ոլորտային խմբերի ստեղծումը: Տվյալ ոլորտի մասնավոր ներկայացուցիչների հետ ստեղծվելու են ոլորտային խմբեր և այդ խմբերի շրջանակներում քննարկվելու են այն հիմնական խնդիրները, որոնք առաջ կքաշվեն: Միահամուռ ուժերով փորձելու են գտնել դրանց լուծման ուղղությունները: Առաջարկվող միջոցառումները դեռևս վերջնական չեն, քանի որ շրջանառվում են պատասխանատու գերատեսչությունների շրջանակներում:

«Փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվում են մի շարք փոփոխություններ իրականացնել թե «Բաժնետիրական ընկերությունների մասին», թե «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում, որպեսզի կատարելագործվեն փոքր բաժնետերերի պաշտպանության մեխանիզմները, երաշխիքներ ստեղծվեն գործարքների արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու ուղղությամբ, բարձրացվի ընկերությունների գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունը»,-ասաց Բաբայանը:

Հարկային ոլորտում 2017-ին ՀՀ կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել և հնարավորություն էր ընձեռել տնտեսավարողներին երկրորդ կիսամյակի ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները հետ ստանալ: Այս նախագծով ֆիքսել են, որ կազմակերպությունները առավելագույնը 4 շաբաթվա ընթացքում կարողանան հետ ստանալ այդ դեբետային մնացորդները, քանի որ այն միանշանակ նպաստելու է շրջանառու միջոցների ավելացմանը: Արտաքին առևտրի մասով ֆիքսված է, որ պետք է հնարավորինս պարզեցվեն վարչարարական ընթացակարգերը,  ժամանակատարության, ծախսատարության վերաբերյալ պարբերաբար վերլուծություններ պետք է արվեն:

 Համաշխարհային բանկի գնահատմամբ շինարարական թույլտվությունների ստացման ոլորտը գտնվում է համեմատաբար առավել ցածր դիրքերում: Այս ոլորտում 2017-ին գործարկվել է շինթույլտվությունների էլեկտրոնային համակարգը, որին պետք է միացվեն, մասնավորապես, մատակարար կազմակերպությունները: Նախագծով ամրագրված է համակարգի լիարժեք գործարկումը և էլեկտրոնային համակարգի շրջանում նաև բիզնես գործընթացների վերանայումը: «Պետք է ստեղծենք այնպիսի իրավական բազա, որ համակարգը համապատասխանի միջազգային լավագույն փորձին՝ հաշվի առնելով քաղաքաշինական թույլտվություններ ստանալու բոլոր բիզնես-գործընթացները: Նախագծով նախատեսված է նաև կոռուպցիոն ռիսկերի կրճատում: Շինարարական թույլտվությունների դեպքում, երբ էլեկտրոնային համակարգը դառնա մասսայական օգտագործման համակարգ, առավելագույնս կկրճատի պետություն-մասնավոր հատված շփումը, և կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»-ասաց Բաբայանը:

Միաժամանակ սնանկության, ինչպես նաև պայմանագրերի կիրարկման մասով ծրագիրը նախաձեռնողները ցանկանում են իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնցով սնանկացումը ավելի շատ նպատակաուղղված կլինի ձեռնարկության առողջացմանը, ոչ թե փակմանը: Սնանկության վարույթում հայտնվելու դեպքում ձեռնարկությունը հնարավորություն կունենա վերակենդանանալու, ոչ թե փակվելու: Նախատեսվում է նաև լայնամասշտաբ էլեկտրոնային համակարգերի ներդրում: Ներկայում միայն ձեռնարկությունների գրանցումն է իրականացվում էլեկտրոնային եղանակով: Նախատեսում են, որ նաև ընկերության հետ կապված ցանկացած փոփոխություն՝ վերակազմավորում, լուծարում, կանոնադրության փոփոխություն, ևս իրականացվելու են էլեկտրոնային եղանակով:

«Մենք սերտորեն աշխատում ենք Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ: Դեկտեմբերին հրավիրել ենք Համաշխարհային բանկի համապատասխան փորձագետների, որոնք բիզնես-միջավայրի բարելավման մեծ փորձառություն ունեն տարբեր երկրներում: Փորձագետը հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ նախարարությունների և ծառայությունների հետ: Դրանց արդյունքում նախատեսում ենք հունվար ամսվա վերջին կամ փետրվարի սկզբին պատրաստել բարեփոխումներ, որը խորհրդատվական, վերլուծական նյութ կլինի ՀՀ կառավարության համար՝  պատկերացնելու Համաշխարհային բանկի նկատառումները, որ կարելի է իրականացնել բիզնես-միջավայրը բարելավելու ուղղությամբ»-եզրափակեց Ալբերտ Բաբայանը:

Նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է: Մինչ հունվար ամսվա վերջ նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Share